Օգոստոսի 1-ին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց և Մասիսի բժշկական կենտրոն դիմել են 30֊ից ավել մարդիկ, ովքեր նույն օրը խնջույքի են մասնակցել Ավան Առինջ թաղամասում գտնվող «Հատիսի լանջին» ռեստորանային համալիրում։
Ինչպես հայտնում է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, մասնագետներն այցելել են ռեստորանային համալիր, առկա սննդամթերքից կատարել նմուշառում և հանձնել լաբորատոր փորձաքննության։ «Հատիսի լանջին» ռեստորանային համալիրի գործունեությունը կասեցվել է։
Առողջապահության նախարարության փոխանցմամբ, բժշկական օգնության դիմած 33 անձանցից 7–ը մինչև 14 տարեկան են: Բոլոր դիմածների մոտ դիտվել են նույն ախտանշանները` սրտխառնոց, փսխում՝ եզակի դեպքերում՝ արյան հետքերով, թուլություն, իսկ մի քանիսի մոտ՝ փորլուծություն: Հոսպիտալացվել են տուժածներից 28–ը:
Օգոստոսի 2-ի դրությամբ միայն Մասիսի բժշկական կենտրոնում շարունակում էր հիվանդանոցային բուժում ստանալ 3 հիվանդ, որոնք Մասիսի բնակիչ են: Նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Մյուս բոլոր հիվանդները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և առողջացումով դուրս գրվել «Սուրբ Գրգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից: