հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Վարչապետն ու նախարարն իրար հակասում են. էլէներգիայի թանկացման մասին

Վարչապետն ու նախարարն իրար հակասում են. էլէներգիայի թանկացման մասին

ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը պնդում է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը (օգոստոսի 1-ից 1 կՎ/ժ թանկացել է 6.93 դրամով) սուբսիդավորվելու աղբյուրները դեռևս հստակեցված չեն, մինչդեռ վարչապետ Հովիկ Աբրահամյանն արդեն հայտարարել է, որ սուբսիդավորումն արվելու է «Որոտանի» հիդրոէլեկտրակայանների համալիրի 3 ՀԷԿ-երի վաճառքից ստացած հասույթից: Այս մասին տարածած հաղորդագրության մեջ նշում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն։ Վերջինս Զաքարյանին հարցում է ուղարկել և գրավոր պատասխան ստացել այն մասին, թե դեռևս պարզ չէ՝ ինչպես է սուբսիդավորվելու տարբերությունը, իսկ Աբրահամյանն իր հայտարարությունն արել է օգոստոսի 2-ին Ծաղկաձորում։

Կազմակերպությունը հիշեցնում է, որ եթե գործադիրը սուբսիդավորի բոլոր խմբերի բաժանորդներին (արդյունաբերական ձեռնարկություններ, կազմակերպություններ և բնակիչ-բաժանորդներ), ապա դա կարժենա ամսական շուրջ 3 միլիարդ դրամ (6 մլն ԱՄՆ դոլար): Տարեկան կտրվածքով դա կազմում է շուրջ 35 միլիարդ դրամ (74 միլիոն ԱՄՆ դոլար), ինչը ՀՀ պետական բյուջեի մոտ 3 տոկոսն է:

«Ուստի, այդ գումարը դժվար կլինի վերադարձնել հարկերի հաշվին կամ փոխհատուցել հերթական վարկի ներգրավմամբ (քանի որ Հայաստանի պետական պարտքը առանց այդ էլ ահռելի է): Սակայն, եթե Կառավարությունը որոշի սուբսիդավորել միայն բնակիչ-բաժանորդներին, ապա դա մեր պետության վրա կնստի ամսեկան ընդամենը 1 միլիարդ դրամ (2 միլիոն ԱՄՆ դոլար): Բայց այդ պարագայում էլեկտրաէներգիայի համար թանկացած գնով կվճարեն արդյունաբերական ձեռնարկություններն ու այլ կազմակերպությունները, ինչը կհանգեցնի էական գնաճի և կնվազեցնի տեղական արտադրանքի մրցունակությունը միջազգային շուկաներում ու, մասնավորապես, ԵՏՄ տարածքում, որի անդամ բոլոր երկրներում էլեկտրաէներգիան զգալիորեն ավելի էժան է, քան Հայաստանում: Արդյունքում էլ ավելի կնվազի արտահանումը ՀՀ–ից դեպի ԵՏՄ երկրներ», ֊ նշում է «Իրազեկ քաղաքացիների միավորումը»: