Home / Տեսանյութեր / Փաստաբանի դեմ հարուցված գործը պետական ոտնձգություն է, պնդում են ՀԿ֊ները

Փաստաբանի դեմ հարուցված գործը պետական ոտնձգություն է, պնդում են ՀԿ֊ները

Փաստաբանական գործողություններ կատարելու համար փաստաբանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելը իրավապաշտպան գործունեության և շահերի պաշտպանության նկատմամբ պետական ոտնձգություն է։ Այս մասին ասված է մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների այսօր տարածած հայտարարության մեջ, որը դատապարտում է փաստաբան Տիգրան Հայրապետյանի նկատմամբ ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից հարուցված քրեական գործը։

Հիշեցնենք, որ փաստաբանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իր պաշտպանյալ Ժուլիետա Ամարիկյանին հոգեբուժարանում ապօրինի պահելու, արժանապատվությունը նվաստացնելու և բռնության ենթարկելու փաստի առթիվ հարուցված գործով դատավարության ընթացքում միջնորդություններ ներկայացնելու համար: Համաձայն քննիչի, Հայրապետյանը «3 անգամ իր պաշտպանյալ Ժուլետա Ամարիկյանի նկատմամբ դատահոգեբանական փորձաքննությունները խափանել է և փորձաքննության նիստերից մեկի ժամանակ փորձագետներին սադրիչ հարցեր է տվել»:

«Իրավունքի գերակայություն», «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», «Ընդդեմ իրավական կամայականության», Բաց հասարակության հիմնադրամներ և այլ ՀԿ֊ները հիշեցնում են, որ փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, և պետության կողմից իրավապաշտպան գործունեության նկատմամբ նման վերաբերմունքն անթույալտրելի է, հակաօրինական և դատապարտելի:

ՀԿ֊ները պահանջում են անհապաղ դադարեցնել Տիգրան Հայրապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, իսկ քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնող քննիչին ենթարկել պատասխանատվության և արդյունքների մասին հայտնել հանրությանը։

Հիշեցնենք, որ ինքը Տիգրան Հայրապետյանը ևս Epress.am-ի հետ զրույցում ասել էր, իր դեմ քրեական գործը ոչ այլ ինչ է քան ահաբեկում և հարուցվել է օրենքով չնախատեսված հիմքերով:

«Քրեական գործ կարող է հարուցվել ֆիզիկական կամ իրավաբանական անձի հաղորդման, կամ լրատվամիջոցի հրապարակման հիման վրա: Կամ երբ քննիչը մի գործով զբաղվելիս այլ հանցագործություն է հայտնաբերում, պետք է առանձնացնի այդ գործը: Իսկ այս դեպքում քննիչը «զեկուցագիր» է գրել իր վերադասին, ինչն իր և իր վերադասի հարաբերությունների վերաբերյալ փաստաթուղթ է։ Սակայն դա հիմք է հանդիսացել իմ դեմ քրեական գործ հարուցելու համար»,- ասել էր Հայրապետյանը:

Նշենք, որ քննիչի գործողությունները խոչընդոտելը ՀՀ օրենսդրությամբ (քր. օրենսգիրք 332 հոդված, 2-րդ մաս) պատժվում է 1-3 տարի ազատազրկմամբ կամ 200-300 հազար դրամ տուգանքով: