Երևանի թիվ 27 դպրոցի տնօրենի պաշտոնում վերընտրվել է նախկինում այդ պաշտոնը զբաղեցրած և դպրոցի բյուջեի միջոցները յուրացնելու համար դատապարտված Սուսաննա Սարգսյանը: Այս մասին հայտնում է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:
Հիշեցնենք, որ Սարգսյանը 2013 թվականին քրեական պատասխանատվության է ենթարկվել՝ դպրոցի բյուջեի միջոցները յուրացնելու, պետությանը խոշոր չափերի՝ 2 միլիոն 216 հազար դրամի վնաս հասցնելու համար:
Ըստ մեղադրանքի՝ 2009-2012թթ. նա կեղծ գրանցումներ էր կատարել, աշխատանքային պայմանագրեր կնքել 4 անձանց հետ, ովքեր աշխատանքի չէին եկել, իսկ նրանց անունով դուրս գրված աշխատավարձերը տնօրենը յուրացրել էր:
«Ավարտվեց թ. 27 դպրոցի տնօրենի ընտրության ոդիսականը և կառավարման խորհրդի ներկա 8 անդամներ միաձայն վերահաստատեցին կոռուպցիան դպրոցում՝ ի դեմս պետությանը խոշոր չափեր վնաս պատճառած նախկին դատապարտված տնօրեն Սուսաննա Սարգսյանի: Դպրոցի կառավարման խորհրդի անդամներից սկսած մինչև գործող նախագահ, հաստատեցին կոռուպցիային հավատարիմ լինելու իրենց կամքը, հետևապես սին ու փուչ են իշխանությունների բոլոր այն խոսքերը, որոնք իրենք արտաբերում են այդ խայտառակ, պետությունն ու հասարակությունը ժանգի նման փչացնող երևույթի դեմ պայքարելու մասին»,- ասված է Բախշյանի հայտարարության մեջ: