Օգոստոսի 21-ին Երևանի կենտրոնում ծեծի ենթարկված «Պանտերա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանի գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն, որը քննում է պետական պաշտոնյանների մասնակցությամբ գործերը:
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, ՀՔԾ ուղարկելու պատճառն այն է, որ Խոցանյանին ծեծի ենթարկողների մեջ եղել են նաև պաշտոնյաներ՝ ֆինանսների նախարարության աշխատակիցներ:
«Ծեծողներից մեկը հարկայինում է աշխատում, մեկը՝ տամոժնիում (մաքսայինում)»,- ասել է թերթի աղբյուրը: Ասում են, թե մաքսայինում աշխատողը «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության բաժնի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանի որդին է՝ 26-ամյա Հարություն Թանգամյանը, ով ինքնախոստովանական ցուցմունք է տվել:
«Հրապարակ»֊ը նշում է, որ թեև Վարազդատ Խոցանյանի առողջական վիճակը լավանում է, նրա հոգեկան վիճակը բարվոք չէ: Նա սկսել է ինչ-որ տարօրինակ բաներ խոսել՝ շեղումներ են նկատվում: Հարազատները, մտահոգվելով նրա առողջական վիճակի մասին, անգամ հոգեբան են կանչել: Խոցանյանը տեղի ունեցածից ոչինչ չի հիշում ու որևէ բան չի կարողանում պատմել: Առաջիկայում պետք է վիրահատեն դիմային ոսկրերի կոտրվածքների պատճառով:
Նշենք, որ Խոցանյանը ծեծի է ենթրակվել օգոստոսի 21-ին, ժամը 03։30֊ի սահմաններում Ալեք Մանուկյան փողոցում գտնվող «Մուզ կաֆե» սրճարանի մոտ։