հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Օտարերկրյա ներդրումները նվազել են 3 անգամ․ «ՀԺ»

Օտարերկրյա ներդրումները նվազել են 3 անգամ․ «ՀԺ»

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ քչացել է մոտ 3 անգամ՝ 180 միլիոն դոլարից նվազելով մինչև 65 միլիոն դոլարի։

«Հայկական ժամանակ» օրաթերթը նշում է, որ նվազել են գրեթե բոլոր երկրներից մեր տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում կատարված ներդրումները։

«Բացառություն է կազմում թերևս միայն հանքարդյունաբերության ոլորտը։ Ուշագրավ է, որ առաջին կիսամյակն է, ինչ Հայաստանը գտնվում է նոր տնտեսական տարածքում՝ Եվրասիական տնտեսական միությունում, և հայտարարվում էր, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումները կշատանան։

Փաստորեն տեղի է ունեցել հակառակը։ Իսկ առավել ուշագրավ է այն, որ ԵՏՄ շրջանակներում մեր կարևորագույն գործընկերը և Հայաստանի տնտեսության մեջ ավանդաբար ամենամեծ ներդրումներն անող Ռուսաստանը այս տարվա առաջին կիսամյակում ներդրումները նվազեցրել է ավելի քան 12 անգամ։ Եթե անցած տարվա աոաջին կիսամյակում ռուսական ծագում ունեցող օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմում էին մոտ 88 միլիոն դոլար, ապա այս տարի հազիվ անցնում են 7 միլիոն դոլարի սահմանագիծը», ֊ ընդգծում է թերթը։