ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի բիզնեսերում Սերժ Սարգսյանի հրահանգով սկսված հարկային ստուգումներն ավարտվել են և կազմվել են ծիծաղելի ակտեր՝ խորհրդանշական տուգաքներով` 50 հազարից մինչև 1 միլիոն դրամի չափով: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը թերթի հետ զրույցում հաստատել է, որ ստուգումներն արվել են, նախագծերը ներկայացվել են և որ Գագիկ Ծառուկյանի կողմն ունի առարկություններ:
«Այո, կան խախտումներ: Մեր արձանագրած գումարներն իրենց կողմից առարկվում են, հիմա, երբ որ քննարկումները կավարտվեն, կներկայացնենք, դուք էլ կիմանաք»,-ասել է Խաչատրյանը:
Նա հավելել է, որ արդյունքները կհրապարակվեն առաջիկա 10 օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2014 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀԿ խորհրդի նիստում քննադատության է ենթարկել այն ժամանակվա ԲՀԿ նախագահ, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամ Գագիկ Ծառուկյանին, մասնավորապես, ասելով․ «Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչև վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել բոլորին»։
Այդ ելույթից հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը (նա Գագիկ Ծառուկյանի խնամին է) խոստացել էր ստուգումներ իրականացնել, իսկ «եթե որոշ մարդիկ մի քանի անգամ ասելուց չեն ընկալում, մի հատ էլ բամփել»։
Ծառուկյանի բիզնեսների ստուգումների մասին հարցը հետագայում Ազգային ժողովում բարձրացրել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ հարցնելով Աբրահամյանին՝ արդյոք «իշխանությունները բամփել են»։