Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն այսօր ԱԺ-ում լսումների ժամանակ ներկայացրել է Սահմանադրության նախագիծը՝ պնդելով, որ դրանում գործող Սահմանադրության համեմատ առավելություններ կան:
Մասնավորապես, հանձնաժողովի անդամ, ԱԺ աշխատակազմի ղեկավար, Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանն ասել է, որ Եվրամիության 28 երկրներից միայն Կիպրոսն է նախագահական, և ընդամենը 3-ը՝ Ֆրանսիան, Ռումինիան և Պորտուգալիան, կիսանախագահական են։ Մյուսները խորհրդարանական համակարգ ունեն, ինչը նախատեսված է նաև ներկայում առաջարկվող տարբերակով։ Նշենք, որ, չնայած Հրայր Թովմասյանը բերել է Եվրամիության օրինակը, Հայաստանը 2 տարի առաջ հրաժարվել է եվրաինտեգրումից և մտել է Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միություն, որի անդամ երկրներում նախագահական համակարգ է գործում:
Թովմասյանն ասել է, որ, բացի խորհրդարանական համակարգի անցնելու առավելությունից, առաջարկվող Սահմանադրությունը թույլ է տալիս ավելի անկախ դատական համակարգ ձևավորել:
«1995 թվականի Սահմանադրությունը չակերտավոր փառահեղ էր, և Արդարադատության խորհուրդը ձևավորվում էր նախագահի կողմից: Այժմ խորհրդի անդամների ընտրությանը մասնակցելու է նաև ԱԺ-ն: Գլխավոր դատախազը ևս ձայների 3/5-որդով է ընտրվելու: Այժմ միայն Մարդու իրավունքների պաշտպանն է ընտրվում ձայների 3/5֊որդով։ Անկախ քննադատություններից, անհերքելի է, որ ՄԻՊ֊ը չի կատարում իշխանության թելադրանքները: 3/5֊որդով է ընտրվելու նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը», – ասել է Թովմասյանը:
Թովմասյանի հայտարարությունները և Սահմանադրության նախագիծը քննադատել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ իր ելույթից առաջ ներողություն խնդրելով, որ Երևանում քննարկման է մասնակցում բոլորի հետ, մինչդեռ սահմանին իրավիճակը լարված է:
«Դուք ասում եք՝ հին Սահմանադրությունն անձակենտրոն էր, սա՝ մարդակենտրոն է: Այս Սահմանադրության մեջ կա 48 մարդու իրավունք (մարդու իրավունքների ոլորտին առնչվող կետ- խմբ․), որոնցից 18-ը սահմանափակվում է հասարակական կարգի պահանջով, այդ թվում՝ անձեռնմխելիության իրավունքը: Ինչպե՞ս ես սա համարում մարդակենտրոն, երբ 18 իրավունք ոտնահարում եք, օրինակ՝ տան իրավունքը։ Դուք ասում եք՝ մարդու ձեռքից կարելի է տունը խլել՝ իբր համարժեք փոխհատուցում տալով։ Ի՞նչ է համարժեք փոխհատուցումը՝ չգիտենք: Երկրորդ հարցը՝ վերջին հաշվով պրեզիդենտին պահպանել եք, նրան անվանել եք պետության գլուխ, սակայն ընտրում եք ինչ֊որ Ընտրիչների ժողովի միջոցով»,- ասել է Բագրատյանը: