Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անժամկետ բողոքի ակցիա է սկսվել՝ երկրի իշխանությունների հրաժարականի պահանջով, հայտնում է Grani.ru կայքը՝ հղում կատարելով մոլդովական NewsMaker֊ին։ Մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում Demnitate și Adevăr («Արժանապատվություն և ճշմարտություն») քաղաքացիական պլատֆորմի կողմից կիրակի՝ սեպտեմբերի 6֊ին կազմակերպված հանրահավաքին մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ։ «Կոմերսանտ»֊ի հաղորդմամբ՝ սա վերջին 25 տարվա ընթացքում Քիշնևում անցկացված խոշորագույն բողոքի ակցիան է։
Ցուցարարների հիմնական պահանջները հետևյալն են՝ երկրի նախագահ Նիկոլայե Տիմոֆտիի ու խորհրդարանի խոսնակ Անդրիան Կանդուի հրաժարական, ուղղակի նախագահական ընտրությունների անցկացում (երկրի օրենսդրության համաձայն՝ երկրի ղեկավարին ընտրում են պատգամավորները), ազգային վստահության խորհրդարանի ստեղծում, որն արտահերթ խորհրդարանական ընտրություններ կկազմակերպի 2016 թվականի մարտից ոչ ուշ, օլիգարխների՝ իշխանությունից հեռացում, գարնանը անհետացած1 միլիարդ դոլարի վերադարձ բյուջե։
Հանրահավաքի ավարտին ցուցարարների մեծ մասը ցրվել է, սակայն շատերն սատարել են կազմակերպիչների կոչը մնալ հրապարակում։ Հավաքին ներկա ոստիկաններից մեկը հրապարակում մնացածների թիվը գնահատել է շուրջ 20 հազար։ Մոտ երկու ժամ անց մարդկանց թիվն էլ ավելի է կրճատվել՝ հասնելով 6 հազարի։
Այնուամենայնիվ, հրապարակում վրանային քաղաք է հիմնվել, որն անվանվել է «Արժանապատվություն և ճշմարտություն»։ Կազմակերպիչների խոսքով՝ բողոքի ակցիան շարունակվելու է նաև այսօր։ Ոստիկանությունը ցուցարարների գործողությունների չի խոչընդոտել։
Միևնույն ժամանակ, նախկին պատգամավոր, «Մեր տունը Մոլդովան է» կուսակցության առաջնորդ Գրիգորի Պետրենկոն ու նրա շուրջ 150 կողմնակից հավաքվել է երկրի Գիտությունների ակադեմիայի շենքի դիմաց։ Նրանք երթով շարժվել են դեպի Գլխավոր դատախազության շենքն ու փորձել ներս մտնել։ Ոստիկանների հետ բախումների արդյունքում, սակայն, ցուցարարները նահանջել են։
Պետրենկոն ու նրա կողմնակիցներն այնուհետև փորձել են վրանային քաղաք հիմնել դատախազության շենքի դիմաց, սակայն ոստիկանները խափանել են փորձն ու բերման ենթարկել Պետրենկոյին։
Հիշեցնենք, որ հուլիսին Մոլդովայում բողոքում էին գազի ու էլեկտրաէներգիայի գների բարձրացման դեմ։ Այն ժամանակ հարյուրավոր մարդիկ հավաքվել էին մայրաքաղաքում՝ Էներգետիկայի կարգավորման ազգային գործակալության շենքի մոտ։