Եվրոպայի 2016թ. ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա խաղի ընթացքում քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը բռնության է ենթարկվել ոստիկանների կողմից։ Այս մասին Epress.am֊ին հայտնել է Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, ում կատարվածի մասին պատմել է ինքը՝ Շահենը։
Պետրոսյանի հետ հեռախոսազրույցում Հարությունյանն ասել է, որ ոստիկանները իրեն հրելով գցել են Հանրապետական մարզադաշտի տարածքում գտնվող աստիճաններից. արդյունքում վնասվել է իր նախկինում վիրահատված ոտքը։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ բժիշկները ոտքի սալջարդ են ախտորոշել։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:
Ավելի վաղ news.am֊ը հրապարակել էր լուսանկարներ, որոնց վրա երևում էր, թե ինչպես էր խաղից առաջ Շահեն Հարությունյանը զրուցում Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ։ Երիտասարդը news.am֊ին ասել է, որ Հայրապետյանն իրեն հորդորում էր չվազել խաղադաշտ, քանի որ դա կարող է վատ անդրադառնալ ազգային հավաքականի վրա։
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Հայաստան֊Պորտուգալիա խաղի ժամանակ Շահեն Հարությունյանը վազել էր խաղադաշտ։ Նրա վրա հոր լուսանկարով շապիկ է եղել, իսկ ձեռքին «Freedom to Shant Harutyunyan and all political prisoners of Armenia» (Ազատություն Շանթ Հարությունյանին և Հայաստանի քաղբանտարկյալներին) գրությամբ պաստառ: Ոստիկանները երկար ժամանակ չէին կարողանում բռնել Շահեն Հարությունյանին: Դեպքը լայնորեն լուսաբանվեց տեղական և միջազգային մամուլում:
Հունիսի 13-ի տեսանյութը.