Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը Պորտուգալիայի հետ խաղից առաջ հայտարարել էր, որ ներկայիս փուլում իր հիմնական նպատակը թիմի գրավիչ խաղը վերականգնելն է: Հունիսի 13-ին Եվրո-2016-ի ընտրական փուլում Պորտուգալիային 2:3 հաշվով պարտվելուց հետո կարելի է ասել, որ Հովսեփյանը որոշակիորեն իր նպատակին հասավ: Ի տարբերություն ընտրական փուլի նախորդ 4 հանդիպումների, Հայաստանի հավաքականն առջևում կառուցողական ֆուտբոլ էր խաղում անգամ հիմնական հարձակվող Յուրա Մովսիսյանի բացակայության պարագայում: Գնդակը լավ էր շարժվում, հարվածներ կային, առաջին անգամ այս ընտրական փուլում մեր թիմին հաջողվեց 2 գնդակ խփել մեկ խաղում: Բայց նաև առաջին անգամ 3 գնդակ բաց թողեցինք, ինչը նշանակում է, որ պաշտպանությունում խնդիրները չեն վերացել, և նոր մարզչական շտաբը լուրջ անելիքներ ունի այս հարցում:
Սարգիս Հովսեփյանի մեկնարկը, այնուամենայնիվ, չի կարելի ձախողված համարել, հատկապես եթե հիշենք, որքան շատ էին հոռետեսական տրամադրությունները խաղից առաջ:
Առաջին հերթին, մեր թիմը աչքի ընկավ բացառիկ նվիրվածությամբ, ինչը Շալանդի օրոք նկատելի չէր: Ուրեմն կարող ենք ենթադրել, որ հավաքականը ներսից ճանաչող, մինչև 2012-ի վերջ այնտեղ հանդես եկած Հովսեփյանը հանդերձարանում խնդիրներ չունի: Մյուս կողմից՝ տակտիկական պայքարում Հայաստանի հավաքականը մրցակցին պարտվեց. Պորտուգալիայի խաղաոճը վերջին տարիներին անփոփոխ է մնում՝ աշխատել մեկ ֆուտբոլիստի՝ Քրիշտիանու Ռոնալդուի համար: Այդ մարտավարությունն աշխատեց և Երևանում: Ռոնալդուն հստակ իրացրեց 11-մետրանոցն ու երկու դեպքում օգտվեց մեր պաշտպանների սխալներից. դա բավարար էր հաղթանակի համար:
Այո, Հայաստանի ընտրանու մարզիչը չլուծեց Ռոնալդուի խնդիրը, բայց սովորաբար աշխարհում դա քչերն են կարողանում անել: Եթե խնդիրը մեկ այլ տեսանկյունից դիտարկենք, ապա կարող ենք ասել, որ դա միակ հարցն էր, որի վրա պետք էր լրջորեն աշխատել, իսկ հայաստանցի ֆուտբոլիստները բավական շատ տարածք էին տալիս պորտուգալացուն, բավականաչափ կոշտ չէին գործում մենամարտերում: Աշխարհում ընդունված է Ռոնալդուի հետ նույնիսկ շատ կոպիտ խաղալ, եթե ցանկանում ես թույլ չտալ նրան գտել իր խաղի ռիթմը: Եթե գտավ, մրցակիցը կորած է, ինչն էլ մենք տեսանք Հանրապետական ստադիոնում:
Դրական կողմերից կարելի է նշել Գաել Անդոնյանի հաստատուն խաղը: Երիտասարդ պաշտպանը, իհարկե, սխալվեց երրորդ գոլի ժամանակ, բայց հանդիպման ընթացքում նրա վստահությունը ուրախացնում է. հաճախ հաղթող է դուրս գալիս երկրորդ հարկում, շատ լավ սկսում է գրոհները միջին ու երկար փոխանցումներով՝ անգնահատելի որակներ ժամանակակից պաշտպանի համար, ով նաև ունիվերսալ է՝ ունակ է խաղալ թե եզրում, թե կենտրոնում:
Ուրախացրեց նաև Արաս Օզբիլիսը: Մարզիչները պնդմամբ՝ նա չէր կարող ամբողջ խաղն անցկացնել, քանի որ դեռ պատրաստ չէ ֆիզիկապես, սակայն փոխարինման դուրս գալուց հետո Օզբիլիսը իշխում էր՝ ստվերում թողնելով անգամ Ռոնալդուին: Ու հենց նրա ակտիվ խաղն էլ հանգեցրեց 2-րդ գնդակին:
Հայաստանի հավաքականը հայտնվել է յուրատեսակ ջրբաժանի առջև: Մարզչական նոր շտաբը պետք է հաջորդ խաղերում պատասխան տա՝ արդյոք ներկայիս վիճակով Հայաստանի ընտրանին ապագա ունի, թե թիմին լայնածավալ վերակառուցում է հարկավոր: Մյուս մրցակիցները Ռոնալդու չունեն, և ուրեմն պարտությունը Ալբանիայի կամ Դանիայի հավականի հետ խաղերում լավատեսության տեղ չի թողնի, անգամ եթե Հայաստանի ընտրանին գրավիչ խաղ ցուցադրի:
Հ.Գ. Հայաստան-Պորտուգալիա հանդիպման կարևորագույն իրադարձություններից մեկը, եթե ոչ կարևորագույնը, քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի խաղադաշտ դուրս վազելն է: Վաղուց ծիծաղելի է դարձել «Ֆուտբոլը քաղաքականությունից դուրս է» կարգախոսը: Ֆուտբոլը կամ սպորտն ընդհանրապես հաճախ օգտագործվում են բռնապետական կառավարությունների կողմից սեփական փիառի, քաղաքական խնդիրներ լուծելու համար: 2008 թվականին 10 մարդկանց սպանության և հարյուրից ավել մարդու բանտարկելու գնով իշխանության եկած Սերժ Սարգսյանը «Ֆուտբոլային դիվանագիտության» օգնությամբ փորձում էր արտաքին աշխարհում իր լեգիտիմության հարցը լուծել՝ այդ ընթացքում օգտագործելով թե՛ Հայաստանի հավաքականը, թե՛ ստադիոն գնացող երկրպագուներին: Շահեն Հարությունյանը ցույց տվեց, որ ֆուտբոլը կարող է ծառայել նաև հանրությանը, հասարակ քաղաքացիներին: Երիտասարդն իր ձայնը լսելի դարձրեց աշխարհին, ասաց, որ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան, և միջազգային մամուլում այսօր այդ լուրը նույնիսկ ստվերել է Քրիշտիանու Ռոնալդուի հեթ-տրիկի վերաբերյալ նորությունները:
Արմեն Մ.