Ֆերմեր Սամվել Հարությունյանը, ով բնակվում է Լոռու մարզի Գարգառ գյուղում, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի շենք մտավ իր գործով նշանակված դատական նիստից 5 րոպե առաջ։ Սեպտեմբերի 11-ին, ժամը 11։00-ին դատարանը պետք է քններ գյուղատնտեսի բողոքն ընդդեմ ոստիկանության և դատախազության։ Այդ կառույցները, ըստ հայցվորի, անգործություն են դրսևորել՝ կարճելով «Գազպրոմ Արմենիա» (նախկինում «Հայռուսգազարդ») ընկերության կողմից արված կեղծիքի վերաբերյալ քննվող գործը։
Մենք՝ Epress.am֊ի լրագրողներս, Հարությունյանին սպասում էինք դատարանի շենքում․ արդեն տեղեկացել էինք, որ նիստը չի կայանալու։ Հարությունյանը, այդ մասին իմանալով, սկսեց դժգոհել։ Նա նշում էր, որ ամեն անգամ ժամանակ է ծախսում, ճանապարհ կտրում, իսկ դատավարության ավարտը չի երևում։
Ռուսաստանյան ընկերության դեմ ֆերմերի բազմամյա պայքարում դատարանը միայն սկզբում էր բարեհաճ Հարությունյանի նկատմամբ․ 2011 թվականին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Հարությունյանի օգտին վճիռ էր կայացրել՝ օրինական համարելով ֆերմերի պնդումը, թե «Հայռուսգազարդը» պայմանագրի խախտմամբ է կասեցրել իր ջերմոցների գազամատակարարումը։ Դրա հետևանքով ջերմոցում բերքը ցրտահարվել էր և Հարությունյանին մի քանի միլիոն դրամի վնաս էր պատճառվել։ Չնայած դատարանի վճռի առկայությանը, Հարությունյանի ջերմոցների գազամատակարարումը չի վերականգնվել։ Ավելին՝ «Հայռուսգազարդ» ընկերությունը դիմել է Վերաքննիչ դատարան, ու այնտեղ շահել դատը։ Հարությունյանն ապացուցել է, որ դատական վճիռը կայացվել է այն բանից հետո, երբ ընկերությունը կեղծ փաստաթուղթ է ներկայացրել դատարան։ Ընկերության աշխատակիցները փոփոխություն են կատարել Հարությունյանի հետ կնքված պայմանագրում առանց իրեն տեղեկացնելու, ապա պատճենահանել են փոփոխված տարբերակը ու ներկայացրել դատավորին։ Հարությունյանի խոսքով՝ Արդարադատության նախարարությանը կից փորձագիտական կենտրոնն ապացուցել է, որ ներկայացված պատճենը բնօրինակից չէ։
«Բոլոր փաստաթղթերն ունեմ։ Պատկերացնում եք, եթե սուտ ասեի։ Միանգամից ճաղերի հետևում կհայտնվեի։ Դիմել եմ նաև Վճռաբեկ՝ փորձագետի եզրակացությունը ներկայացնելով, բայց օգուտ չկա։ Բոլոր փաստաթղթերը ներկայացնում եմ, ինչի՞ մասին ա խոսքը։ Ինձ սնանկացրել են ամենավերջին ձևով։ 7 տարի գազամատակարարումս կտրել են, ջերմոցներս ավիրված են։ Ի՞նչ են ուզում ֆերմերից։ Ես ընդամենը մութ ու խավար տարիներին չեմ լքել իմ երկիրը։ Հիմա ինչ֊որ ընկերություն տունս քանդում ա պետական մեխանիզմի օգնությամբ», ֊ ասում է Հարությունյանը։
Ֆերմերն այժմ փորձում է դատարաններում ապացուցել, որ ոստիկանությունն ու դատախազությունն անգործություն են դրսևորել՝ չզբաղվելով իր գործում առկա կեղծիքների փաստով։ Դատական նիստերը հետաձգում են, բայց Հարությունյանը չի հուսահատվում ու պատրաստ է սպասել մինչև հոկտեմբերի 2-ը, երբ ծրագրված է հաջորդ դատական նիստը։ Հուսահատվելու առիթներ, սակայն, շատ կան․ Վերաքննիչն ու Վճռաբեկն արդեն ապացուցել են, որ իրենց համար ընդունելի է ռուսաստանյան ընկերության տեսակետը։ Ֆերմերն ասում է, որ հայաստանյան իշխանություններն իր նկատմամբ սպիտակ ցեղասպանություն են իրականացնում։
«1975 թվականից ֆերմերությամբ եմ զբաղվում, երբ Սովետում արգելված էր դա, կոլխոզներ էին։ Բայց ես անում էի։ Ո՞վ կմտածեր, որ անկախ Հայաստանում նման վիճակում կհայտնվեմ», ֊ նշում է Հարությունյանը։
Արմեն Մ․