ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիշա Մելիք֊Սարգսյանի (լուսանկարում) դրամական միջոցներն անցած տարվա վերջի դրությամբ, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի, կազմել են 3 միլիոն 500 հազար դրամ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նրա տարեկան աշխատավարձը եղել է 9 մլն 190 հազար դրամ, կենսաթոշակը՝ 5 մլն 685 հազար դրամ։ Դատավորի կնոջ՝ Սիլվա Թևոսյանի դրամական միջոցները նախորդ տարվա վերջում եղել են 100 հազար դոլար։
«Փաստորեն, դատավորի կինը, որը 30 հազար դրամ ամսական աշխատավարձ է ստանում, կարողացել է 100 հազար դոլար կուտակել, մինչդեռ ամուսինն ավելի քան 700 հազար դրամ ամսական աշխատավարձով ընդամենը 3․5 միլիոն է կուտակել։ Ի դեպ, Մելիք-Սարգսյանի որդին ՀՀ Արարատի մարզի դատախազն է՝ Համբարձում Մելիք-Սարգսյանը, ու դրամական միջոցները նախորդ տարվա վերջում եղել են 29 մլն 500 հազար դրամ, աշխատավարձն էլ՝ 6 մլն 242 հազար դրամ։ Դատախազ որդու կնոջ՝ Ալինա Հարությունյանի դրամական միջոցները ևս ամուսնու ունեցվածքից ավել են և կազմում են 35 մլն 500 հազար դրամ։
Դատախազի կնոջ աշխատավարձն էլ կազմում է ամսական 75 հազար դրամ։ Մի խոսքով, որդին ինչ տեսել է, այն էլ սովորել է․ տան հիմնական դրամական միջոցները պետք է պահվեն կնոջ անունով», ֊ գրում է թերթը։