Հոդված՝ Աքսյոնովը որպես երդում
Հեղինակ՝ Վադիմ Դուբնով
Հրապարակված է՝ «Էխո Կավկազա»
Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովն իր հնարավոր այցը Հայաստան ցանկացած քաղաքագետից լավ է մեկնաբանել։ Աքսյոնովը, ով իր շուրջերկրյա ճամփորդություններում դատապարտված է հիանալ բացառապես ռուսաստանյան գեղատեսիլ վայրերով, հայաստանյան հնարավարության մասին հենց այդպես էլ ասել է․ «Գոնե ինչ֊որ տեղ հրավիրո՜ւմ են»։
Պաշտոնական Երևանը վիրավորանքների ակնհայտ առիթներից վիրավորվելու անհրաժեշտությունից ազատվեց ուղիղ երկու տարի առաջ՝ մտնելով եվրասիական շարքեր․ սա՝ ֆորմալ տեսանկյունից։ Իրականում, այդ ամենը տեղի է ունեցել շատ ավելի վաղ։ Ու դա շատ տրամաբանական է։
Այստեղ, իհարկե, ինձ կառարկեն՝ «ո՞րն է խնդիրը, Աքսյոնովին վաղուց արդեն Հնդկաստան էլ են տարել, ու աշխարհը փուլ չի եկել»։ Ճիշտ է։ Շնորհակալություն առարկության համար, քանի որ Հնդկաստանը շատ ճշգրիտ ու ուսանելի օրինակ է։
Բանն այն է, որ Հնդկաստանն ինքն է ընդունել որոշումը։ Այնպես, ինչպես Չինաստանը, որը որոշեց Աքսյոնովին չընդունել։ Հասկանալի է՝ Թայվան, Տիբեթ, Ներքին Մոնղոլիա, և այլն։ Իսկ Հնդկաստանը որոշեց ընդունել։ Այն Թայվան ու Տիբեթ չունի, սակայն, ճիշտ է, ունի Քաշմիր, այնպես որ, տրամաբանությունը տարօրինակ է՝ որպես արմատային պատճառների ու մակերեսային առիթների հարաբերակցություն։ Մի խոսքով՝ Հնդկաստանը որոշում է ընդունել, ու խոսքն այս դեպքում դրա ճիշտ ու սխալ լինելու մասին չէ, այլ այն, որ ինքնուրույն է ընդունել։ Ու եթե հրաժարվեին, ապա՝ տե՛ս վերևում՝ Չինաստանի մասին։
Հետևաբար, Հնդկաստանը փաստարկ չէ։ Քանի որ Հայաստանը չէր կարող հրաժարվել։ Ու Մոսկվան այդ մասին գիտեր նույն հավաստիությամբ, ինչ՝ Երևանը։ Կամ Սուխումին, ուր Աքսյոնովը նույնպես պատրաստվում է մեկնել։ Ինչ֊որ տեղ հրավիրում են։
Իրականում, չեն հրավիրում։ Աքսյոնովի այցը Հայաստան պաշտոնական չի լինի։ Նա կմեկնի որպես հասարակ քաղաքացի, որին, ինչպես պնդում են Երևանում, որևէ մեկը ոչինչ արգելել չի կարող, ինչն այնքան էլ այդպես չէ, բայց դա կարևոր չէ։
Կարևոր է, ինչպես միշտ, ոչ միայն ու այնքան վայրը, որքան՝ ժամանակը։
Երևանի Բաղրամյան պողոտայում բարձրացել է «Էլեկտրամայդանի» երկրորդ ալիքը։ Եվ որքան էլ՝ կազմակերպիչները տրագիկոմիկական չթվան, երևույթը որոշակի հետևողականություն է ստանում։ «Ո՛չ թալանին»՝ շատ հարմար թեզ է առաջին անգամվա համար։ Ոչ այնքան, իհարկե, որքան 80֊ականների վերջի բնապահպանական բողոքի ակցիան, որը վերածվեց անկախության շարժման Լիտվայում, կամ՝ նույն Հայաստանում։ Բայց տրամաբանությունը նույնն է, քանի որ Բաղրամյան գնացողների կամ գնացողներին կարեկցողների մեծ մասն իրականում հասկանում է, որ էլեկտրաէներգիան միայն առիթ է։ Ասել, սակայն, դեռևս չեն կարող։ Ինչ֊որ մեկը չի համարձակվում լսելի դառնալ։ Ինչ֊որ մեկը դեռ այնքան էլ լավ չի հասկանում՝ կոնկրետ ինչի առիթ։ Ու այս բոլոր հակասությունները պսակված են «Էլեկտրամայդանի»՝ իրական Մայդանը որևէ կերպ հիշեցնելու վախով։
Թվում է՝ այդ իրավիճակում Մոսկվան պետք է նրբանկատություն դրսևորեր։ Որևէ մեկին չգայթակղեր։ Չշտապեցներ այն, ինչը, ամենայն հավանականությամբ, կհասունանար ու կձևավորվեր, բայց՝ տարիներ հետո, գուցե, թերևս, երկար։ Հայաստանին։ Պաշտոնական մոսկովյան քաղաքագետները, մեկը մյուսից հետո, մեկնում են Երևան, այնտեղ պետության դավաճաններ ու հինգերորդ շարասյուն հայտնաբերում․ ու նրանց ոչ ոք առանձնապես չի առարկում ու անգամ չի վռնդում հեռուստաեթերից։ Մտահոգիչ է։
Կրեմլի տրամաբանությունը հասկանալի է։ Կարելի է, իհարկե, միանգամից պատռել բոլոր քողերն ու դիմակները։ Բացահայտել այն, ինչ գաղտի է։ Ստիպել նրանց, ովքեր այսօր «Ինտեռ ՌԱՕ»֊ի դեմ են, վանկարկել «Աքսյոնով, GO HOME!»։ Ո՞վ այդժամ կասեր՝ սա «Էլեկտրամայդան» է, այլ ոչ՝ Մայդան։ Ակնհայտ է՝ ում կողմից կազմակերպված, եթե խոսքը վերաբերում է սրբությանը՝ մե՛ր Ղրիմին։ Եվ այդ ժամանակ իշխանությունները, որոնք չէին կարող հրաժարվել հյուրընկալության պարտքից, ստիպված կլինեն հետևողականություն դրսևորել ու ցրել, վերջիվերջո, նրանց, ովքեր արդեն հասկանալի չէ՝ ինչի դեմ են, ու դա արդեն կարևոր էլ չէ։ Իշխանությունները պետք է այրեն կամուրջները։ Ու երդում ընդունեն։ Սերգեյ Աքսյոնովի անձնագրի վրա։
Հայաստանի ղեկավարությունն այդ թակարդի մեջ ահռելի կյանքի փորձ ունի ու իր համար այդ կյանքը հեշտացնելու համար մի քանի պարզ միջոց է մշակել։ Առաջինը՝ պետք չէ վախենալ ծիծաղելի լինելուց։ Թե՛ սեկտեմբերի 3֊ին Մոսկվայում եվրասիականության հանդեպ հանկարծակի արթնացած սիրո դեպքում, թե՛ հիմա՝ Աքսյոնովի։ Դե այո, ղրիմյան վահանակ ինչ֊որ միջտարածաշրջանային համաժողովում․ արդյո՞ք կայսրին վայել է նման գործեր կարգավորել։ Ու Արևմուտքը պետք է հասկանա, ինչպես նախկինում ավելի բարդ կազուսներ է հասկացել։
Իսկ Արևմուտքը կհասկանա։ Ժամանակներն են այդպիսին։ Ու բոլորը, եթե անգամ գոհ չլինեն, ապա, գոնե, ծայրահեղ վրդովված էլ չեն լինի․ իսկ պաշտոնական Երևանին ավելին հարկավոր չէ։ Մոսկվան կստանա Երևանի երդումը, որը Երևանն Արևմուտքին բացատրություններ տալու ժամանակ երդում չի համարի, իսկ Արևմուտքը՝ կհավատա։ Սովորական պատմություն է, որևէ վտանգավոր բան չկա, իսկ «Էլեկտրամայդանը», եթե անգամ ցրեն, ապա Աքսյոնովը դրա հետ որևէ առնչություն չի ունենա։ Ինչպես Սերգեյ Աքսյոնովին են գոնե ինչ֊որ տեղ հրավիրում, այնպես էլ Երևանում՝ ինչ որ է, բայց իշխանություն է։ Այն կասկածը, թե դրանք ուղղակիորեն կապակցված են, որևէ մեկը վիրավորական չի համարում։