Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովն առաջարկել է պատժամիժոցների ենթակա ու անորակ մթերքները ոչնչացնել ոչ միայն սահմաններին, այլև՝ Եվրասիական տնտեսական միության երկրներում, հայտնում է «Բի֊Բի֊Սի»֊ն։
Նախարարի խոսքովч սննդամթերքի ոչնչացման հարցով լրացուցիչ լիազորությունների վերաբերյալ պայմանագիրը ԵՏՄ֊ի անդամների՝ Ղազախստանի, Հայաստանի ու Ղրղզստանի հետ կստորագրվի հոկտեմբերին՝ Մոսկվայում կայանալիք «Ոսկե աշուն» ագրոարդյունաբերական տոնավաճառի շրջանակում։
«Այդպիսով մենք ճանապարհ կբացենք բարեխիղճ ներդրողների, արտադրողների համար։ Դրանից բոլորը միայն կշահեն»,֊ ասել է Տկաչովը։
Ավելի վաղ ՌԴ գյուղնախարարն առաջարկել էր ռուսաստանյան պատժամիժոցների տակ ընկնող մթերքները ոչնչացնել սահմանին, ինչին հավանություն էր տվել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Տկաչովը, մասնավորապես, առաջարկել էր էմբարգո կիրառել մի շարք «վնասակար» ապրանքների վրա, ինչպիսիք են ծաղիկները, հրուշակեղենն ու գինին։
«Բի֊Բի֊Սի»֊ն հիշեցնում է, որ Ռուսաստանը բռնարգելք է կիրառել ԱՄՆ֊ից, Եվրամիությունից, Նորվեգիայից և մի շարք այլ երկրներից սննդամթերքի ներկրման նկատմամբ՝ ի պատասխան Ղրիմի անեքսիայից հետո ու Ուկրաինայում զինված հակամարտության կապակցությամբ ՌԴ֊ի դեմ սահմանված պատժամիժոցների։