ՀՀԿ֊ական պատգամավոր Կարեն Ավագյանը և նրա եղբայրը՝ Վ․Բրյուսովի անվան համալսարանի պրոռեկտոր Արթուր Ավագյանը չեն ցանկանում հոգալ վրաերթի հետևանքով տուժած 28-ամյա Էդգար Սնխչյանի բուժման ծախսերը։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է ինքը՝ Սնխչյանը, ում օգոստոսի 23֊ին վրաերթի էին ենթարկել Կարեն Ավագյանի ծառայողական «Toyota» մակնիշի ավտոմեքենայով։
Թերթը նշում է, որ ավտոմեքենայի ղեկին գտնված անձը դեպքի վայրից փախուստի էր դիմել: Որոշ ժամանակ անց իրավապահներին էր ներկայացել Կարեն Ավագյանի եղբայրը` Արթուր Ավագյանը, և հայտարարել, որ վրաերթի պահին ավտոմեքենայի ղեկին ինքն է եղել:
Էդգար Սնխչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմել է, թե լուրջ կասկածներ ունի, որ իրականում իրեն վրաերթի ենթարկողը հենց Կարեն Ավագյանն է եղել:
Քրեական գործի հարուցումը մերժվել է այն հիմքով, թե տուժողը չի բողոքել։ Սնխչյանի խոսքով՝ երբ ինքը հիվանդանոցում է եղել, Ավագյան եղբայրներն իր հարազատներին խոսք էին տվել, թե իր առողջությանը հասցված բոլոր վնասները կվերականգնեն, եթե հարկ լինի՝ արտերկիր կուղարկեն, այդ իսկ պատճառով էլ իր հարազատները քննիչներին «իրենց ուզած ցուցմունքն էին տվել»։
«10 օրվա մեջ մենք իրավունք ունեինք բողոքելու, իրենք այդ օրերին մեր կողքին էին, իսկ դրանից հետո անհետացել են և հրաժարվում են իմ հետագա բուժման հարցը կարգավորել», ֊ ասել է Սնխչյանը, ով այդ հարցով արդեն իսկ ՀՀ դատախազություն է դիմել։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում