Home / Տեսանյութեր / «Մարտունի 2»֊ի զոհերը 14 տարի անց արտերկրում բուժվելու գումար են փնտրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Մարտունի 2»֊ի զոհերը 14 տարի անց արտերկրում բուժվելու գումար են փնտրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի 32-ամյա բնակիչ Գրիգոր Եսայանը խոստովանում է, որ այս պահին իր համար կարևոր չէ, թե որն է բանակում ձեռք բերված հաշմանդամության պատճառը։ Բժիշկները սայլակի միջոցով տեղաշարժվող Եսայանին հույս են տվել, որ արտասահմանում բուժում անցնելու դեպքում նա կկարողանա քայլել, և այժմ նա փորձում է միջոցներ գտնել անհրաժեշտ գումարը ստանալու համար։

Եսայանը նշում է, որ ճանապարհի ծախսը խոստացել է հոգալ Պաշտպանության նախարարությունը, բայց տոմսերի համար ինքն էլ գումար կճարի, խնդիրը բավական թանկ բուժումն է։ Պաշտպանության նախարարության վերաբերմունքից երիտասարդն ընդհանուր առմամբ գոհ է․ արդեն 14 տարի է՝ հոգում են իր բուժման ծախսերը, ժամանակ առ ժամանակ Երևան են ուղարկում մերսումների, վերականգնողական ընթացակարգերի համար։ Երիտասարդի վիճակը բարելավվում է. նախկինում անշարժ էր, հիմա կարողանում է ձեռքերը և ոտքերը շարժել, գրել, կարդալ։ Չնայած դրան, ՊՆ֊ն, ըստ օրենքի, չի կարող վճարել արտասահմանում նրա բուժման համար, քանի որ հաշմանդամությունը ձեռք է բերել ոչ թե առաջին գծում, այլ զորամասում։

Մեր զրույցի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի «Մարտունի 2» զորամասում 2001 թվականին տեղի ունեցած պատմությունը, այնուամենայնիվ, շրջանցել չի ստացվել։ Եսայանը պատմում է, որ 2001֊ի նոյեմբերին բանակ զորակոչվելուց հետո նա հիվանդացել է զորամասում:

«Ոտքերս ցավում էին ծնկներից ներքև, գնում էի բուժկետ, բժիշկն ասում էր․ «Ոչինչ չկա»։ Էդ «ոչինչ չկա»֊ի պատճառով հայտնվեցի էստեղ (ցույց է տալիս սայլակին ֊ խմբ․)», ֊ պատմում է Եսայանը։

Երիտասարդն ու նրա մայրը՝ Կարինե Եսայանը, տեղի ունեցածն առեղծված են անվանում․ նրանք չեն էլ իմացել՝ ինչից է տղան ծառայության մեկնարկից

երկու ամիս անց կոմայի մեջ ընկել։ Ասում են, որ մի քանի վարկած են լսել՝ թունավորում սննդից, ջրից, ինչպես նաև հիվանդություններ ցրտից։ Գրիգոր Եսայանը 2001 թվականին Մարտունի տարված նորակոչիկներից միակը չէ, ով առողջական խնդիրներ է ունեցել, եղել են նաև մահվան դեպքեր։ Արդյո՞ք պատժվել են մեղավորները․ այդ հարցը նույնպես երկրոդական է երիտասարդի համար։

«Ես հոսպիտալում էի, ասում էին՝ սպաներին նստացրել են: Ես վերակենդանացման բաժանմունքում էի: Հետո գնացի նեվրալոգիայի բաժանմունք, տեսա սպա Նալբանդյանին: Մի տղա ասեց՝ եկել ա ստեղ՝ պառկի, որ փող տա, ազատվի: Ինձ ի՞նչ, որ նստացնեն: Կարող ա՝ ամենքը մի երկու տարի նստի, ազատվի: Իսկ իմ կյանքը խորտակվեց», – ասում է Եսայանը:

Նա չի հիշում, թե ինչ է իր հետ տեղի ունեցել նրանից հետո, երբ իրեն տեղափոխել են Ստեփանակերտի հոսպիտալ։ Մեզ հետ զրույցում Եսայանը այդ օրերի մանրամասները ճշտում էր մորից։ Ստեփանակերտից տեղափոխել են Երևան՝ «Էրեբունի» հիվանդանոց, ապա Կենտրոնական զինվորական հոսպիտալ։ Երբ կոմայից դուրս է եկել և նրա վիճակը մի փոքր կայունացել է, եկել է Մարգահովիտ ու բուժվում է մինչև հիմա՝ արդեն 14 տարի։

Երիտասարդը նշում է, որ թեև երկտեսություն ունի, բայց կարդում է, գրում է՝ Լոռու մարզի լրագրողների առցանց կենտրոնի անդամ է, ինչպես նաև գիպսից քանդակներ է անում: Եսայանի կրտսեր եղբայրը Ռուսաստանում է աշխատում և օգնում է ընտանիքին։

Մարգահովիտում շատ ցուրտ է անգամ սեպտեմբերի սկզբին։ Կարինե Եսայանն ասում է՝ «հայկական Սիբիրն ա մեր գյուղը»։ Նշում է, որ անտառապահը միշտ թույլ է տալիս գնալ Գրիգորի համար անտառից թափուկներ հավաքել, որպեսզի հնարավոր լինի ձմռանը փայտ վառել։

Զրույցի ընթացքում կրկին ու կրկին վերադառնում ենք «Մարտունի 2»-ում տեղի ունեցածին։

«Մարալիկից մի տղա կար, հույս էին տալիս, որ կապրի: Նույն ժամանակում էր հիվանդացել, Գրիգորից լավ վիճակում էր։ էն էլ եկավ էդ տղան, «Էրեբունու» վերակենդանացման բաժանմունքում մահացավ: Վահագնի գյուղից Արկադի Ղազարյանին Գրիգորի հետ Ստեփանակերտից բերեցին ուղղաթիռով: Արկադիկի թոքը կտրեցին, մինչև հիմա բուժվում է», – պատմում է Կարինե Եսայանը:

Արկադի Ղազարյանը զորամասում հիվանդացած առաջին զինծառայողն է եղել։ Մեզ հետ հեռախոսազրույցում նա ասում է, թե չգիտի՝ ինչ է եղել իրենից հետո: Նախկին ծանրամարտիկ Ղազարյանը հասցրել է 25 օր ծառայել:

Նա ասում է, որ այդ տարի հիվանդացածների մասին պատմություններ են հորինվում, մասնավորապես, ասվում է, որ դրանց պատճառը փուշ ուտելն էր, սակայն ինքը վստահ է, որ իրական պատճառը ցրտի պայմաններում առանց ձմեռային հագուստի շարք կանգնելը, վազելն է եղել, ինչպես նաև բժիշկների անուշադրությունը, օրինակ, իր թոքաբորբի, ջերմություն ունենալու հանդեպ: Արկադիի մեկ թոքի մեծ մասը հեռացրել են, այժմ էլ նա առողջական խնդիրներ ունի։

Ղազարյանի մայրը՝ Կարինե Խառատյանը, ասում է, որ որդու հիվանդության մասին իմացել են պատահաբար․

«Դեկտեմբերի 7-ին Արկադին գնաց բանակ: Դեկտեմբերի 29-ին քրոջս ամուսինը գնաց Արկադիին տեսնելու, պարզվեց՝ 40 աստիճան ջերմության մեջ վազացնում էին: Ես ու քույրս էլ գնացինք: Մեզ ասեցին՝ իմաստ չունի տեսնել, Արկադին էլ չկա: Ես վատացա էդ պահին, քույրս գնաց, տեսավ որդուս: Արմեն Քոչարյան անունով բժիշկ կար, ասաց՝ ամեն ինչ կանեմ փրկելու համար: Բերեցին Արկադիին «էրեբունիի» վերակենդանացման բաժին: Այդտեղ նրա կողքին էր նաև Գրիգորը: Նա չէր հիշում՝ ինքը ով է: Հետո գտանք հարազատներին, տեղեկացրեցինք, Գրիգորի մաման ու քեռին եկան: Շատ շնորհակալ ենք և՛ «Էրեբունի» հիվանդանոցի, և՛ Մուրացանի հոսպիտալի բժիշկներից, ամեն ինչ արեցին: Մինչև հիմա էլ, Արկադին, երբ գնում է Մուրացան, իրեն ավելի լավ է զգում, ավելի հոգատարության ներքո, քան իր իսկ տանը»:

Արկադի Ղազարյանն ասում է, որ ինքը պայքարել է և վերականգնել է հաշմանդամության երկրորդ կարգը, թեև 45000 դրամը միայն դեղերին է հերիքում: Ղազարյանը ևս միջոցներ է փնտրում՝ արտասահմանում բուժումը շարունակելու համար։

Նախկին զինվորը նույնպես հետամուտ չի եղել, որպեսզի մեղավորները պատժվեն, նույնիսկ բողոք չի գրել։

«Ինձ հիվանդանոցում տեսնելու եկան ռազմական ոստիկանությունից, ասեցին՝ բողոք գրի: Ես չգրեցի։ Ե՞ս պետք է ասեմ՝ ձեր կուխնիայում ինչ է կատարվում: Ինձ միայն հետաքրքրում է այն, որ ես ոտքի կանգնեմ»,- ասել է Արկադի Ղազարյանը:

Քնար Խուդոյան

Արմեն Մելիքբեկյան

Տիգրան Խաչատրյան