Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) սեպտեմբերի 1-ին վարույթ է ընդունել «Վաչագան Ֆարմանյան և մյուսներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործը 2008 թվականի մարտի 1-ի 9 զոհերի ընտանիքների ներկայացրած բողոքների հիման վրա։ ՄԻԵԴ չի դիմել միայն մարտի 1-ին մահացած ոստիկանության կապիտան Համլետ Թադևոսյանի ընտանիքը։
Ինչպես տեղեկացնում է դատարանի պաշտոնական կայքը, հայցվորները պնդում են, որ իրենց հարազատների կյանքի իրավունքը (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդված) խախտվել է անտեղի ուժի կիրառման հետևանքով, ինչպես նաև նշում են, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է կոնվենցիայի 13-րդ հոդվածը (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք)։ Ըստ տուժողների իրավահաջորդների, Հայաստանի իշխանություններն իրենց հարազատների գործերով արդյունավետ քննություն չեն անցկացրել և իրենց արդյունավետ փոխհատուցում չեն ստացել:
ՄԻԵԴ֊ը ՀՀ իշխանություններից արդեն իսկ տեղեկատվություն է պահանջել գործի քննության ընթացքի, ինչպես նաև խորհրդարանական փաստահավաք խմբի բացահայտումների մասին:
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին ՄԻԵԴ-ում ներկայացնում է փաստաբան Վահե Գրիգորյանը:
2008 թվականի Մարտի 1-ին ՀՀ իշխանությունները (նախագահ Ռոբերտ Քոչարյան, ԿԸՀ֊ի կողմից ընտրություններում հաղթող ճանաչված նախագահի թեկնածու, գործող վարչապետ Սերժ Սարգսյան) ցրեցին Ազատության հրապարակում 10 օր խաղաղ ցույցեր անցկացնող քաղաքացիներին, ապա երեկոյան հրազեն կիրառեցին ընդդիմության աջակիցների դեմ, որի հետևանքով զոհվեցին 8 քաղաքացիներ և 2 ոստիկան։ Հետագայում քննչական մարմինները և դատարանները չանդրադարձան օրենքի խախտումները բացահայտող փաստերին։ Օրենքի բազմաթիվ խախտումների մասին վկայում են Մարտի 1-ի իրադարձությունները քննելու համար ստեղծված Փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի ներկայացրած զեկույցները, որոնցում ընդգրկված փաստերն արտացոլվել են Տիգրան Պասկևիչյանի և ռեժիսոր Արա Շիրինյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմում։