Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ Ալիկ Զախարյանը չի կարողանում վերականգնել առողջությունը մեկ տարի առաջ ոստիկանների կողմից նվաստացվելուց և ծեծի ենթարկվելուց հետո։ Epress.am֊ի հետ զրույցում այս մասին ասել է Զախարյանի մայրը՝ Սոնիկ Սահակյանը։ Նա նշել է, որ որդին մինչ օրս վախեր ու մղձավանջներ ունի, տառապում է անքնությամբ։
Մոր խոսքով՝ Ալիկ Զախարյանը խոշտանգումների է ենթարկվել երեք անգամ․ երկու դեպքում բանակում՝ 2001 թվականին, և 2014 թվականի ամռանը ռազմական ոստիկանության աշխատակիցների և ոստիկանների կողմից։
Երևան֊Հադրութ֊հոսպիտալ
Երիտասարդին 2001 թվականին զորակոչել են հատուկ նշանակության զորքերի՝ «սպեցնազի» երևանյան զորամաս։ Սոնիկ Սահակյանը պատմում է, որ որդու զորակոչվելուց որոշ ժամանակ անց ինքը հանդիպել է զորամասի հրամանատարին՝ Արթուր Սիմոնյանին, ով իրենից 500 դոլար է պահանջել՝ սպառնալով հակառակ դեպքում Ղարաբաղ ուղարկել։ Կինն ասել է, որ չունի այդ գումարը, ապա փող գտնելու համար ժամանակ խնդրել։ Վերադառնալով Մարտունի՝ որոշել է վաճառել բնակարանը, բայց մինչ այդ, ցանկացել է խորհրդակցել որդու հետ։ Երևան կատարած ևս մեկ այցի ժամանակ նրան հայտնել են, որ իր տղային Ղարաբաղ են ուղարկել՝ չնշելով զորամասը։ Կինը հետագայում պարզել է, որ իր և հրամանատարի հանդիպումից հետո վերջինս կանչել է որդուն և առանց որևէ բան ասելու աթոռով գլխին հարվածել։
Ավելի ուշ տղան պատմել է մորը, որ հարվածից կորցրել է գիտակցությունը և արդեն բուժկետում կարեր դնելու ժամանակ է ուշքի եկել։ Լեռնային Ղարաբաղի Հադրութի զորամասերից մեկում երիտասարդին խոշտանգել է բուժկետի ղեկավար Երջանիկ Համբարձումյանը։ Որդու փոխանցմամբ՝ բժիշկը դեղահաբը գետնին է գցել՝ պահանջելով վերցնել և խմել։ Ալիկ Զախարյանը հրաժարվել է, որից հետո Համբարձումյանը սկսել է ծեծել երիտասարդ զինվորին։
Մոր խոսքով՝ երբ որդուն բերել են Երևան, ինքը չի ճանաչել նրան, այնքան այտուցված է եղել դեմքը։ Կինն ու նրա որդին վախեցել են բողոքել, քանի որ համոզված են եղել, թե Զախարյանին առողջանալուց հետո կրկին բանակ կտանեն ու նա էլ ավելի վատ վերաբերմունքի կարժանանա։ Երիտասարդին նման կերպ վախեցրել են դեռևս Ղարաբաղում։ Կանազի հոսպիտալում նրա մոտ ախտորոշվել է գլխուղեղի օրգանական ախտահարում։
«Հոսպիտալի բժիշկն ասաց՝ սա անբուժելի հիվանդություն ա, ո՞նց կարա ծառայի, խաբել են քեզ, որ չբողոքես», ֊ պատմում է կինը։
Դեպքի առթիվ, այնուամենայնիվ, քրեական գործ է հարուցվել, սակայն դատարանը որոշել է, որ Երջանիկ Համբարձումյանը դեպքի պահին հոգեկան խանգարման մեջ է եղել, ու նրա նկատմամբ հարկադիր բուժում սահմանվել։ Սահակյանը նշում է, որ դատավարության մասին իրենց անգամ չեն տեղեկացրել։
«Թուրք դիվերսանտ»
Կինը նշում է, որ որդու հետ կապված մղձավանջը կրկնվել է բանակային դեպքերից 13 տարի անց։
2014֊ի հուլիսին Ալիկ Զախարյանը, ով այդ պահին երկրորդ կարգի հաշմանդամություն ուներ, գնացել է Մարտունու մոտ գտնվող գերեզմանատուն՝ հարազատների գերեզմանաքարերը մոլախոտից մաքրելու համար։
Ճանապարհին նրան մի քանի ոստիկան է կանգնեցրել, որոնց հետ են եղել ռազմական ոստիկանության աշխատակիցներ։ Նրանք ասել են, թե երիտասարդը «թուրք դիվերսանտ է»։ Դեպքից հետո արդեն Զախարյանը պատմել է մորը, թե ինքը ոստիկաններին ասել է՝ որտեղ է բնակվում, բայց վերջիններս սկսել են նրան կտտանքների ենթարկել՝ պահանջել են, որպեսզի կեղտոտ առվից ջուր խմի, ձեռքերը ոլորել են, ծեծել են, ապա մեքենան նստեցրել ու տարել բաժին։ Սահակյանի խոսքով՝ «բերման ենթարկող հանցագործները» պատռել են որդու տաբատը՝ տեսնելու համար, թե արդյոք Զախարյանը թլպատված է։ Քրեական գործի նյութերում դեպքը միանգամայն այլ կերպ է նկարագրված․ նշվում է, որ տաբատը հին է եղել և պատռվել է մաշվածությունից, թեև մայրը պնդում է, որ այն նոր էր և ամուր կտորից։ Զախարյանին բաց են թողել 5,5 ժամ բաժնում պահելուց հետո։
Սահակյանը նշում է, որ Մարտունու քաղաքային վարչության ոստիկանները մինչ այդ դեպքը իր վրա ատամ են ունեցել, ու ոստիկաններից մեկն ահաբեկել է իրեն, թե «դու կհիշես»։ Հենց այդ սպառնալիքի հետ է մայրը կապում որդու հետ կատարվածը:
Կնոջ բողոքի արդյունքում քրեական գործ է հարուցվել, սակայն հետագայում այն կառճվել է։ Սահակյանն ընդգծում է, որ գործի քննության ընթացքում բազմաթիվ խախտումներ են եղել․ մասնավորաես, որդուն դատաբժշկական փորձաքննության են ուղարկել դեպքից 11 օր հետո, երբ վնասվածքների մի մասն արդեն անցել էր։ Դա հնարավորություն է տվել քննիչներին նշել, որ երիտասարդի առողջությանը թեթև վնաս է պատճառվել։ Վկաները, որոնք ոստիկաններ են եղել, նաև ընդգծել են, որ երիտասարդը բերման ենթարկվելու ժամանակ դիմադրություն է ցույց տվել։ Այդ ամենն էլ գործը կարճելու պատճառ է հանդիսացել։
Սոնիկ Սահակյանը բողոքել է գործը կարճելու որոշման դեմ, սակայն թե առաջին ատյանի, թե Վերաքննիչ դատարանները կարճման որոշումը օրինական են համարել։ Կինը նշում է, որ դատավարություններն անցել են խախտումներով, մասնավորապես, իրեն ոչ միշտ են ծանուցել նիստերի մասին, թույլ չեն տվել ընթերցել իր բողոքը։ Մեկ դեպքում էլ նիստը նշանակվել է 16։30֊ին, և երբ Սահակյանը դատարան է ներկայացել 16։17-ին, նրան ասել են, թե դատավորի ժամով 16։30 էր ու վճիռն արդեն կայացվել է։
Կինը պատմել է նաև, որ նիստերից մեկի ժամանակ դատավոր Արարատ Պետրոսյանը, անդրադառնալով գործի նյութերին, հարցրել է մեղադրող դատախազ Արամ Խաչատրյանին, թե ինչու էին Զախարյանին ստիպում առվից պղտոր ջուր խմել։
«Մտածել են, որ թուրք դիվերսանտ է», ֊ պատասխանել է դատախազը։
Այժմ Սոնիկ Սահակյանը պատրաստվում է դիմել Վճռաբեկ դատարան։ Թեև արդարադատության համակարգին եղածից հետո գրեթե չի վստահում, սակայն նշում է, որ պատրաստ է իր որդու ոտնահարված իրավունքը վերականգնելու համար պայքարել բոլոր հնարավոր միջոցներով։
Մանրամասները՝ տեսանյութում