«Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության վարչության անդամ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու կասկածանքով երեկ երեկոյան 3 անձ է ձերբակալվել՝ 37-ամյա Արարատ Գրիգորյանը, 31-ամյա Հակոբ Պետրոսյանը և 36-ամյա Արմեն Սարգսյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Սմբատ Հակոբյանը երեկ հարցաքննվել է, առերեսման է մասնակցել։ Համաձայն «Հայկական ժամանակ» օրաթերթի, տուժողը ճանաչել է վերոնշյալ երեք անձանց։
Հիշեցնենք, որ Սմբատ Հակոբյանը ծեծի է ենթարկվել սեպտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում։ Նրան տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշել են կրծքավանդակի փակ կոտրվածք, 8-րդ կողի կոտրվածք, պնևմոթորաքս, ենթամաշկային էմֆիզեմա։ Հակոբյանը շարունակում է հիվանդանոցում մնալ։ Դեպքի առնչությամբ սեպտեմբերի 22-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը)։