Մարտի 22-ին ղարաբաղա-արդբեջանական սահմանը հատած ԼՂՀ Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի ծնողներին Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակն օրերս նամակ է փոխանցել: Այս մասին Armlur.am-ին հայտնել է Անդրանիկի քրոջ ամուսինը` Արմեն Հարությունյանը: Վերջինիս փոխանցմամբ` Անդրանիկը նամակում գրել է, որ իր մոտ ամեն ինչ կարգին է, անհամբեր սպասում է՝ երբ է տանը լինելու. «Հիմա էնտեղ նկարչությամբ է զբաղվում: Նախորդ անգամ Անդրանիկի լուսանկարներից փոխանցեցին, տեսքը վատ չէր: Բայց զգացվում էր, որ մի տեսակ իրեն նման չէր, տխուր էր, շիվարած»:
Արմեն Հարությունյանն ասել է նաև, որ Կարմիր խաչը պարբերաբար իրենց հետ կապ է հաստատում, հայտնում Անդրանիկի որպիսության մասին, սակայն հայրենադարձության մասին դեռևս հստակ չեն խոսում. «Ասում են, որ հույսեր, շանսեր կան, ուղղակի մի քիչ ժամանակ է պետք: Թե կոնկրետ երբ կուղարկեն Հայաստան, դեռ պարզ չի: Եթե փոխանակման հարց լիներ, հնարավոր կլիներ էդ հարցը արագ լուծել: Բայց ո՞ւմ հետ փոխանակեն»:
Կայքի զրուցակիցը հայտնել է նաև, որ մինչ այժմ Անդրանիկը բոլոր նամակներում գրել է, որ ցանկանում է վերադառնալ հայրենիք, չի հասկանում ու չի հիշում՝ ինչպես է այնտեղ հայտնվել:
Գրիգորյաններն ապրում են Լեռնային Ղարաբաղի Մարտունիի շրջանի Բերդաշեն գյուղում: