«Տրանսաէրո» ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել հոկտեմբերի 8֊ին նախատեսված 53 չվերթ, այդ թվում` Մոսկվա֊Երևան֊Մոսկվա չվերթերը, Lenta.ru֊ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է «Աէրոֆլոտ» ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Պարտքային պարտավորությունների չկատարման պատճառով սնանկության եզրին հայտնված «Տրանսաէրո»֊ի չվերթերի տոմսերի վաճառքը դադարեցվել էր հոկտեմբերի 1֊ին, իսկ ընկերության գործառնական կառավարումը փոխանցվել է «Աէրոֆլոտ»֊ին, որն էլ զբաղվելու է «Տրանսաէրո»֊ի ուղևորների տեղափոխմամբ։ Հաղորդագրության համաձայն՝ չեղյալ են հայտարարվել նաև չվերթերը Մոսկվայից դեպի Սանկտ Պետերբուրգ, Նովոսիբիրսկ, Եկատիրինբուրգ, Աստրախան, Տոմսկ, Միներալնիե Վոդի, Կալինինգրադ, Կրասնոյարսկ, Ռոստով, Պրահա, Հռոմ, Փարիզ, Ռիգա, Երևան, Բեռլին և Կիև։
«Ավիաընկերության՝ հոկտեմբերի 8֊ին նախատեսված մնացյալ չվերթերն իրականցվելու են ըստ ժամանակացույցի»,֊ հայտնել է «Աէրոֆլոտ»֊ի մամուլի ծառայությունը։
Ի հավելումն, հաճախորդների հարմարության համար «Տրանսաէրո»֊ի կայքում գործարկվել է չվերթերի կարգավիճակը ստուգող ծառայություն․ տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է մուտքագրել չվերթի համարն ու ամսաթիվը։
«Չեղյալ հայտարարված չվերթերի ուղևորները տեղափոխման հարցերով պետք է դիմեն «Տրանսաէրո»֊ի կոնտակտային կենտրոն կամ օդանավակայանում «Տրանսաէրո»֊ի ներկայացուցչություն»,֊ ասված է հաղորդագրության մեջ։