2020 թվականից սկսած՝ Հայաստանի գյուղատնտեսությունը այլևս հարկերից ազատված ոլորտ չի լինելու։ Սա արձանագրված է ՀՀ հարկային նոր օրենսգրքում, որի նախագիծը երեկ հավանության է արժանացել կառավարության նիստի ժամանակ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Գյուղատնտեսության հարկային արտոնությունները պետք է վերանային դեռ այս տարվա հունվարի 1-ից, ինչը Հայաստանի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցելու պայմաններից մեկն էր։ Սակայն այդ ժամկետը հետաձգվել է։ Նույն 2020 թվականից սկսած ավելացված արժեքի հարկով հարկվելու է նաև գյուղտեխնիկայի, թունաքիմիկատների, տնկիների, սերմնացուների վաճառքը։
«Գյուղատնտեսության հարկային արտոնությունները վերացնելուց հետո կառավարությունը սկսելու է սուբսիդիաներ տրամադրել այդ ոլորտին, ինչը մասամբ կամ նույնիսկ ամբողջությամբ կարող է փոխհատուցել հարկային նոր բեռը, որը դրվելու է գյուղացիների վրա։ Սակայն այստեղ առաջանում են գյուղմթերքների արտադրության և իրացման հետ կապված հաշվառման լրջագույն խնդիրներ, որոնց լուծումը ծախսատար է լինելու», ֊ նշում է թերթը: