Նազարբեկյան Գ-3 հասցեում գտնվող հողատարածքը 2007 թվականին Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ օրենքի խախտումով վաճառվել է ոմն Էդուարդ Հովհաննիսյանին, ում որդին աշխատում է քաղաքապետարանում։
Ըստ օրենքի՝ համայնքին պատկանող հողերը կարող են վաճառվել միայն աճուրդի միջոցով, մինչդեռ այս դեպքում ուղղակի վաճառք է իրականացվել։ Այդ պատճառով այսօր տվյալ տարածքում բնակվող 7-8 ընտանիքներ (մոտ 50 մարդ) կանգնել են տունը կորցնելու վտանգի առջև: Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է ընտանիքների շահերը ներկայացնող փաստաբան Նոնա Գալստյանը։ Նա ընդգծել է՝ հողատարածքները գնելու նախապատվության իրավունքը ձեռքբերման վաղեմության ուժով պետք է տրվեր այդ հողատարածքներն ավելի քան 10 տարի մշակողներին:
Այդ ընտանիքները բնակվում են Նազարբեկյան Գ-3 հասցեում գտնվող վագոն֊տնակներում։ Բնակիչները Epress.am֊ի թղթակցի հետ զրույցում պատմել են, որ դեռևս 10 տարի առաջ Աջափնյակի այն ժամանակվա թաղապետ Արծրուն Խաչատրյանը խոստացել է, որ երբ այդ հողերը լինեն սեփականաշնորհման ենթակա, իրենք կկարողանան գնել դրանք:
2011 թվականին տնակների բնակիչներին դատարան են կանչել և տեղեկացրել, որ տարածքն արդեն 4 տարի է՝ սեփականատեր ունի։ Էդուարդ Հովհաննիսյանն արդեն 4 տարի է պահանջում է ազատել հողը, ապամոնտաժել տնակները: Դա, սակայն, չի արվել, քանի որ առաջին ատյանի դատարանի վճիռն ի օգուտ բնակիչների է եղել։ Նոնա Գալստյանի խոսքով՝ դատարանում ներկայացված փորձաքննությունները ցույց են տվել, որ Հովհաննիսյանի առքուվաճառքի պայմանագրում նշված հատակագիծը չի համապատասխանում տեղանքին և որ հայտնի չէ՝ արդյոք բնակիչների տնակները գնված տարածքում են գտնվում:
«Այսինքն, կամ քաղաքապետարանը կեղծիք է թույլ տվել, կամ Էդուարդ Հովհաննիսյանը տեղյակ չէ՝ ինչ է ինքը գնել»,- ասել է Նոնա Գալստյանը:
Բնակիչներից Թերմինե Մելքումյանը պատմել է, որ այս տարի Էդուարդ Հովհաննիսյանի որդին այցելել է իրենց և ասել, թե «Վերաքննիչում հաղթելու ենք» և որ ինքը քաղաքապետարանի աշխատող է:
«Հոկտեմբերի 8-ին Վերաքննիչ դատարանում այդպես էլ եղավ, դատը 10 րոպե տևեց, դատարանը ոչ մի բան չուսումնասիրեց ու գործը հետ ուղարկեց նոր քննության», – ասել է Մելքումյանը: Այժմ բնակիչները կրկին կանգնել են վտարման վտանգի առջև։
Տնակներից մեկի սեփականատեր Աննա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասել է, որ ինքը բնակության իրավունքը ստացել է 2003 թվականին․ «Իմ երկու տղաները սահմանին էին ծառայում, երկուսն էլ բարձրանում էին դիրքեր: Սերժ Սարգսյանը տվեց այս տնակը, որ ապրենք: Հիմա 6 հոգանոց ընտանիքով ապրում ենք տնակում, երկուսն էլ՝ հաշմանդամ: Հիմա եթե հանեն, մենք փողոցում կմնանք», – ասել է Հովհաննիսյանը:
Մի քանի ընտանիք էլ այստեղ ապրելու հնարավորություն է ստացել, քանի որ այլ տեղերում գտնվող իրենց բնակարանները վթարային են ճանաչվել։ Ասյա Ապրեսյանն էլ Նազարբեկյան Գ-3-ում տնակ է ստացել՝ 15-րդ թաղամասում ունեցած 3 սենյականոց բնակարանի փոխարեն:
Նշենք, որ համայնքային հողերի օտարման մասին մեկ այլ գործ ուղարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և կոմունիկացվել է: