Home / Հայաստան / Գագիկ Հարությունյանին ՀՀ նախագահի պաշտոնն են խոստացել․ Զուրաբյան

Գագիկ Հարությունյանին ՀՀ նախագահի պաշտոնն են խոստացել․ Զուրաբյան

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն այն մարդն է, ում խոստացել են՝ նոր Սահմանադրությունն ընդունելուց հետո նա կունենա նախագահի պաշտոնը: Այս մասին այսօր «Անի» հյուրանոցում սահմանադրական փոփոխություններին նվիրված քննարկման ժամանակ հայտարարել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը:

Նա վերահաստատել է նախկինում հնչեցրած իր կարծիքը, թե Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել է միմիայն իր իշխանությունը պահելու նպատակով։

Նշենք, որ Գագիկ Հարությունյանի մասին Զուրաբյանի արած նախորդ հայտարարությամբ այժմ զբաղվում է ոստիկանությունը։ Զուրաբյանը, մասնավորապես, ասել էր. «Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները շատ նեղ շրջանակ են։ Դա իշխող կուսակցությունն է՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, դա իր կողմից ստեղծված սահմանադրական հանձնաժողովն է՝ Գագիկ Հարությունյանի ղեկավարությամբ, որի միակ գործը եղել է կաշառել Վենետիկի հանձնաժողովին, ինքը զբաղվել է այնտեղ լոբբիզմով, և մենք փաստեր էլ ունենք…»

Այսօր կայացած քննարկմանը մասնակցել են նաև սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամները: «Անի» հյուրանոցի դահլիճում նրանք նստած են եղել «ՈՉ» գրությամբ պաստառներով, որոնք բարձրացրել են Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի, ինչպես նաև փոփոխություններին կողմ հանդես եկող ՀՅԴ֊ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթների ժամանակ։

voch

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ներկայացված «Հայ ազգային կոնգրես» և «Ժառանգություն» կուսացկությունները, ինչպես նաև մի շարք նախաձեռնություններ դեմ են հանդես գալիս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին, որոնք ընդունելու դեպքում Հայաստանը խորհրդարանական կառավարման կանցնի։ Սահմանադրության նախագծում նշված է, որ ՀՀ նախագահն այսուհետ ընտրվելու է 7 տարի ժամկետով Ընտրիչների ժողովի կողմից։