Home / Հայաստան / Ինչու Սերժ Սարգսյանը Գորիսում չկտրեց ժապավենը․ քաղաքապետի անհաջող բացատրությունը

Ինչու Սերժ Սարգսյանը Գորիսում չկտրեց ժապավենը․ քաղաքապետի անհաջող բացատրությունը

Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադոնցը հերքել է, թե երեկ՝ հոկտեմբերի 13-ին, Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ Սերժ Սարգսյանը պետք է կատարեր Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան վերակառուցված հրապարակի բացումը և կտրեր ժապավենը։ «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում քաղաքապետը ասել է, որ Սարգսյանի այցի շրջանակում հրապարակի բացում նախատեսված չի եղել, կարմիր ժապավենը կապվել էր տարածքն առանձնացնելու համար, իսկ Սարգսյանը հրապարակի մոտ պարզապես կանգնել է քաղաքացիների հետ զրուցելու նպատակով։ Երեկ Գորիսի մամուլի ակումբը գրել էր, որ Գորիսում մարդիկ առավոտից սպասում էին այդ հանդիսավոր արարողությանը, սակայն «ՀՀ նախագահը հրապարակում կանգ առավ մի քանի րոպե, որի ընթացքում նրան մոտեցան մի քանի քաղաքացիներ, որից հետո Սերժ Սարգսյանը նստեց ավտոմեքենան և հեռացավ»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Սարգսյանին մոտեցած մարդիկ սկսել են իրենց խնդիրները բարձրացնել, ինչը նրան զայրացրել է, ու նա, չսպասելով հրապարակի բացման արարողությանը, հեռացել է։ ՀՀ նախագահի կայքում նշված է եղել, որ Գորիսում Սարգսյանը հանդիպում է ունեցել բնակիչների հետ, զրուցել է նրանց հետաքրքրող հարցերի, համայնքի առաջնահերթ խնդիրների շուրջ։

Չնայած Գորիսի քաղաքապետը պնդել է, որ հրապարակի բացումը այցի շրջանակներում նախատեսված չի եղել, «Հայկական ժամանակ»֊ն ընդգծում է, որ Գորիսի մամուլի ակումբի հրապարակած լուսանկարում երևում է գորգը, կարմիր ժապավենը, որի կողքին՝ փոքրիկ սեղանի վրա, մկրատ է դրված։ 

zhapaven1