Այս տարվա հունվարին Գյումրիիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին սպանելու մեջ մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովն իր նախաքննական ցուցմունքում ասել է, որ զորամասը լքել է, քանի որ ցանկանում էր սահմանները հատելու միջոցով Հայաստանից Ռուսաստան վերադառնալ, իսկ իր կատարած սպանությունից հետո արդեն նպատակ ուներ անցնել Թուրքիա՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ավետիսյանների իրավահաջորդների նեկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանը, ով ծանոթացել է Պերմյակովի՝ ռուսական քննչական մարմիններին տված ցուցմունքին:
«Ըստ Պերմյակովի ցուցմունքի՝ նա մտել է հենց Ավետիսյանների տուն, քանի որ երկար փնտրելուց հետո դա առաջին բաց դարպաասն է եղել: Նա նկարագում է, որ ինքնաձիգը լիցքավորել, նոր է մտել տուն. եթե տանը լինեին մարդիկ, որ իրեն կխոչընդոտեին հագուստ, գումար վերցնել, սպաներ նրանց: Նկարագրում է, որ, տուն մտնելով, առաջինը ջուր է խմել: Նկարագրում է, որ երբ մտել է առաջին սենյակ և իր գլխին ամրացված լապտերի լույսն ընկել է քնած Ավետիսյանների դստեր վրա, նա արթնացել է, սկսել է զանգեր կատարել: Ըստ Պերմյակովի՝ ինքն իրեն կորցրել է, սկսել է կրակոցներ արձակել, արթնացել են բոլորը, և նա անցնելով բոլոր սենյակներով, բոլորին սպանել է», – ասել է Վարոսյանը:
Փաստաբանն ընդգծել է, որ Ավետիսյանների ընտանիքի երեխաներից փոքրիկ աղջնակին սպանելու վերաբերյալ ցուցմունքում տարօրինակություններ կան․ «Մենք գիտենք, որ փոքրիկ աղջնակին սպանել են հրազենից: Իսկ Պերմյակովը պատմել է, թե մեկ կրակել է, մեկ սվինով հարվածել»:
Վարոսյանն ընդգծել է նաև, որ ցուցմունքում Պերմյակովը նշել է, թե այդ մարդիկ «ներվերիս վրա ազդել են»։
Ավետիսյանների իրավահաջորդների մեկ այլ ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանն ընդգծել է, որ ռուսական կողմի տրամադրած փաստաթղթերում նշված է եղել, թե Պերմյակովը 14 տարեկանից թմարդեղեր և ոգելից խմիչքներ է օգտագործել, և բժիշկները նշել են, որ նա չէր կարող զենքով ծառայություն իրականացնել։
Փաստաբանը նշել է, որ այն հարցը, թե ինչու են նման մարդուն ծառայության տարել, իրենք բարձրացնելու են ռուսական կողմի առջև։ Սահակյանը նշել է, որ Հայաստան պետությունը նույնպես պետք է այդ հարցը բարձրացնի, քանի որ նման քայլերը վտանգում են Հայաստանի քաղաքացիներին։