հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Հոգեբուժարանը պնդում է՝ կինն ունակ չէ հասկանալ, բայց նրան դատի է տվել

Հոգեբուժարանը պնդում է՝ կինն ունակ չէ հասկանալ, բայց նրան դատի է տվել

«Ավան հոգեկան առողջության կենտրոն» ընկերության՝ 54֊ամյա Ժուլետա Ամարիկյանի դեմ ներկայացրած հայցը պետք է մերժվի դրանում իսկ նշված հիմքերով։ Այս մասին Ամարիկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը նշել է հոգեբուժական կլինիկային ուղղված իր պատասխանում։

«Հայցվորը հայցադիմումում նշում է, իբրև թե Ամարիկյանը զրկված է իր գործողությունների նշանակությունը հասկանալու ունակությունից և նրա ներկայիս վիճակը վտանգ է ներկայացնում իր և հասարակության համար։ Եթե անգամ համարենք, որ դա ճիշտ է, ապա այս հանգամանքը ոչ թե հայցը բավարարելու, այլ մերժելու հիմք է․ եթե հիվանդ Ժուլետա Ամարիկյանը ուղղակի չի գիտակցել իր գործողությունների նշանակությունը, հետևաբար նրա կողմից կատարված արարքը երբևէ չի կարող վիրավորանք կամ զրպարտություն որակվել: Հենց միայն այս դրվագով երևում է հոգեբուժարանի կողմից իր հիվանդներին բուժելու և նրանց համար հոգալու մակարդակը»,֊ գրում է փաստաբան Հայրապետյանը։

Պաշտպանը նաև նշում է, որ հոգեբուժական հաստատությունը հղում է կատարում Ամարիկյանին հարկադիր բուժման ենթարկելու մասին իր դիմումը բավարարող դատական վճիռի վրա, որը բեկանված է վերադաս ատյանի դատարանի վճռով։

Դատելով հայցադիմումում նկարագրված մի շարք նյութերից՝ Հայրապետյանը եզրակացնում է, որ հայցվոր հոգեբուժարանը գաղտնալսել է իր և իր վստահորդ Ամարիկյանի առանձնազրույցը։

«Հայցադիմումում նշված է՝ այն, որ փաստաբանն է համոզել բողոքարկել դատավճիռը, երևում է ոչ մի այն առանձնազրույցից, այլև այն հանգամանքից, որ Ամարիկյանի կողմից հիվանդության պատմության գրքում առված գրառումներում նա նշում է, որ շատ գոհ է հոգեբուժարանի անձնակազմից, որ սնվել է բավարար, քնել է հանգիստ և այլն: Այս դեպքում հարց է առաջանում, եթե ամեն բան լավ էր, և Ամարիկյանը հիացած էր հոգեբուժարանում գտնվելու ընթացքում իր նկատմամբ դրսևորած վերաբերմունքից, ապա այդ դեպքում ինչպես է ստացվել, որ հիվանդանոցից դուրս գալուց հետո ընդհուպ մինչև այս պահը Ամարիկյանը բազմաթիվ բողոքներով դիմել է տարբեր պետական մարմիններ, որպեզի պատժեն հոգեբուժարանի աշխատակիցներին: Ընդհուպ նրա բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ և ընթանում է նախաքննություն:

Ինչ վերաբերվում է հիվանդության գրքում կատարված հաճոյախոսական գրառումներից, ապա այն ոչ թե հաստատում է հոգեբուժարանի լավ վերաբերմունքի համար, այլ ավելի շատ հիշեցնում է անազատության մեջ գտնվող մարդու ահաբեկված լինելու հանգամանքը: Այն տպավորությունն է, որ հոգեբուժարանը այնպես է ահաբեկում և ստորացնում իր հիվանդներին, որ վերջիններս ստիպված հաճոյախոսեն և կեղծ գովերգեն հոգեբուժարանի անձնակազմին: Գտնում եմ, որ սա հիվանդների նկատմամբ արժանապատվության ոտնահարում և ստորացում է: Ինչը պետք է գովերգեր Ամարիկյանը, իր խոսքերով, «խոզի կեր» հիշեցնող սնունդը, թե փայտյա իշավոտնուկը, որի վրա իր խոսքերով մեկ ամիս շարունակ քնել է Ամարիկյանը չունենալով անգամ սեփական մահճակալ: Ի դեպ այս հանգամանքը հաստատվեց քրեական գործի քննությամբ, և անձնակազմը հաստատեց, որ Ամարիկյանը մեկ ամիս շարունակ քնել է այդ փայտյա նստարանի վրա, որ նա մեկ ամիս շարունակ չի լողացել, որ մեկ ամիս շարունակ մյուս հիվանդների նման դուրս չի եկել, որ հիգիենայի պարագաներ հոգեբուժարանը չի տրամադրում և այլն»,֊ գրել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ իր բարի համբավը արատավորելու համար Ավանի հոգեբուժարանը 3 միլիոն դրամ է պահանջում Ժուլետա Ամարկյանից և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից, որի տարեկան զեկույցում է տեղ է գտել հոգեբուժարանի պայմանների մասին Ամարիկյանի պատմածը։

Կինը պնդում է, որ հոգեկան առողջության խնդիրներ չունի և հոգեբուժական կլինիկա տեղափոխվել է բնակարանի շուրջ եղբոր հետ ծագած վեճի պատճառով: