Ադրբեջանում նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ երկրի քաղաքական բեմը զգալի ցնցումներ է ապրում։ Ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովի պաշտոնանկությունից հետո մեկը մյուսի հետևից իրենց պաշտոններից զրկվեցին մի շարք չինովնիկներ, այդ թվում՝ Անդրազգային տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակից, գեներալ֊մայոր Սուբահիր Գուրբանովը, վարչության ղեկավարներ գեներալ֊մայորներ Թարվերդի Մամեդովն ու Փարվիզ Սաֆարովը, ինչպես նաև՝ զորամասի հրամանատար Վուգար Ալլահգուլիևն ու ԱԱՆ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նրանք բոլորը մեղադրվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ։ «Էխո Կավկազա» կայքի թղթակիցը թեմայի շուրջ զրուցել է ԵՄ-ին կից Իսլամական համագործակցության կազմակերպության նախկին դեսպան Արիֆ Մամեդովի հետ։
֊ Մեծ թվով բարձրաստիճան անձինք, օգտվելով իրենց դիրքից, Ադրբեջանի Միջազգային բանկից ահռելի գումարներ են վերցրել։ Տարբեր գնահատականներով՝ բանկից անհետացել է ավելի քան երկու միլիարդ։ Օլիգարխներն ու նախարարներն ի վիճակի չեն այդ գումարները վերադարձնել։ Այս ամենը վկայում է իրական ճգնաժամի մասին։ Բացի դա, բնականաբար, տեղի ունեցողը նաև ներիշխանական պայքարի արդյունք է։ Բոլորին է հայտնի, որ Ազգային անվտանգության նախարարությունում տեղի ունեցողն առկա է նաև մյուս բոլոր նախարարություններում․ նույն կոռուպցիան, յուրացումները․․․ԱԱՆ֊ում տեղի ունեցողն Ադրբեջանի իշխանությունում ընդհանուր համակարգային ճգնաժամի արտացոլումն է․․․
․․․Այդ ամենն աննկատ էր մնում, երբ նավթից ու գազից մեծ գումարներ էինք ստանում․ մարդիկ ինչ֊որ եկամուտներ ունեին։ Իսկ այսօր գանձապետարանը դատարկ է։ Բնակչությունը բանկերին ավելի քան երկու միլիարդ է պարտք, իսկ մարդիկ ի վիճակի չեն այդ պարտքերը վերադարձնել, քանի որ ազգային արժույթը արժեզրկվել է, ու երկիրն ընկել է ճգնաժամի մեջ։ Իշխանությունն այսօր չի ցանկանում ընդունել, որ ճգնաժամ է տիրում։ Նրանք խոսում են ինչ֊որ տնտեսական զարգացման մասին, ասում են, թե ամբողջ աշխարհը քայքայման եզրին է, իսկ Ադրբեջանը շարունակում է զարգանալ։ Բոլորին է, սակայն, տեսանելի, որ նույնիսկ ազգային նավթային ընկերությունը, որը մեր տնտեսության առաջատարն է, պետությանն ահռելի գումար է պարտք։ Մյուս պետական մարմինները, խոշոր էներգետիկ ընկերությունները նույնպես պարտքի տակ են։ Ցավոք, ներկայումս ինչ֊որ մեկին հեռացնելն ու նստեցնելը ճգնաժամային որևէ խնդիր չի լուծի։ Ճգնաժամը հնարավոր է կարգավորել միայն իրական բարեփոխումների միջոցով․ իսկ այս ձևական փոփոխություները որևէ լավ բանի չեն հանգեցնի։
Շրջաններում աճում է սոցիալական լարվածությունը։ Գիտենք, որ արդեն իսկ տեղի է ունեցել կրոնական գործիչների ցրում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ․ տեղի են ունենում բախումներ։ Իշխանությունը պետք է իրական ու լուրջ բարեփոխումներ իրականացնի, այլ ոչ թե զբաղվի բնակչության կամ նախարարների ահաբեկմամբ։ Այսօր վախեցած է ժողովուրդը, վախեցած են օլիգարխները․ երբ մարդուն նստեցնում են, ապա նստեցնում են նաև նրա ընտանիքի անդամներին, ահաբեկում են երեխաներին, կանանց, և այլն։ Այսինքն, երկրում տիրում են դաժան, անհասկանալի ճնշումներ, իսկ դրանք որևէ դրական արդյունքի չեն բերի, քանի որ ժողովուրդն այլևս այն չէ։ Ժողովրդի համբերության բաժակն արդեն լցված է, և մարդիկ սկսում են խստորեն քննադատել իշխանությունը։ Եթե նայենք սոցիալական ցանցերին այսօր և 5֊6 ամիս առաջ, կտեսնենք, որ իշխանության հասցեին դրական արտահայտվող մարդիկ ներկայումս այլևս չկան։
Երկու շաբաթից մեզ մոտ ընտրություններ են․ չկա նախընտրական մթնոլորտ։ Նախկինում թեկնածուներին գոնե եթեր էին տրամադրում հանրային հեռուսաընկերությունում, իսկ այժմ՝ ոչ։ Եթե չձևավորվի նորմալ, ճանաչված խորհրդարան՝ երկրի օրենսդիր մարմին, ապա ի՞նչ բարեփոխումների մասին է խոսքը, երբ նորմալ թեկնածուները նույնիսկ ի վիճակի չեն առաջադրվել։ Այսինքն, մեզ մոտ, փաստորեն, ընթանում է ոչ թե ընտրարշավ, այլ՝ արշավ նշանակվելու համար։ Կարծում եմ, որ այսօր կարելի է տալ այս կամ այն պատգամավորի նշանակման մասին հրաման, ու դրանից ոչինչ չի փոխվի։ Փաստորեն, ոչ թե ընտրարշավ է, այլ՝ ցուցակների համաձայնեցում․ այս նախարարի մոտ այս մարդիկ էին, սրանք հեռացվում են, նշանակվում են մյուսները։ Այս ամենից, իհարկե, օգտվում են ներիշխանական կառույցները։ Դրանք մի կլանի թուլացումն օգտագործում են մյուսի հզորացման համար․․․