Home / Հայաստան / Պերմյակովի հայրը պնդում է՝ որդին հոգեկան խնդիրներ չի ունեցել. 168.am

Պերմյակովի հայրը պնդում է՝ որդին հոգեկան խնդիրներ չի ունեցել. 168.am

Այս տարվա հունվարին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին սպանելու մեջ մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովի հայրը՝ Պավել Պերմյակովը պնդում է, որ իր որդին հոգեկան խնդիրներ չի ունեցել։ Այս մասին նա ասել է 168.am-ի հետ զրույցում։ Պերմյակովի՝ հոգեկան խնդիրներ ունենալու, 14 տարեկանից թմրամիջոցներ և ոգելից խմիչքներ օգտագործելու մասին բարձրաձայնել են գործի քննությունն իրականացնող ռուսաստանյան իրավապահ մարմինները։ Հոկտեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանն ընդգծել էր, որ ռուսական կողմի տրամադրած փաստաթղթերում անգամ ասված է եղել, թե բժիշկները նշել են, որ Պերմյակովը չէր կարող զենքով ծառայություն իրականացնել։

«Շատ բաներ են գրում, շատ բաներ են խոսում: Այդ ամենը ճիշտ չէ: Հոգեբանների մոտ նա չի բուժվել, լրիվ նորմալ, ադեկվատ տղա է եղել»,- ասել է Պավել Պերմյակովը։

Հոր խոսքով՝ մանկության տարիներին էլ իր որդին «նորմալ, հավասարակշռված տղա է» եղել։ Պավել Պերմյակովն ասել է, որ որդու ձերբակալությունից հետո նրա հետ չի խոսել, ինքը թույլտվություն է խնդրել զորամասից, սակայն մերժում ստացել։ Պերմյակովի հայրը չի հավատում, որ որդին կարող էր նման քայլի դիմել․ «Ի՞նչ գիտեմ ես՝ ինչ է տեղի ունեցել, ինչպե՞ս կարող եմ ասել: Ես պատկերացում չունեմ՝ ինչ կարող էր այնտեղ տեղի ունենալ:

Մենք չենք հավատում մեղավորությանը, չենք ընդունում պատիժը, որովհետև մենք գիտենք, որ նա չէ, մենք հավատում ենք դրան: Ի՞նչ պատիժ կարող է լինել, եթե նա չի եղել: Երբ ես հանդիպեմ նրան, խոսեմ հետը, այդ ժամանակ կերևա»: