ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանի անվան հետ կապվող երեք ընկերությունները՝ «Ալեքս Գրիգ», «Սամսեր գրուպ» և «Նատալի ֆարմ», այս տարվա առաջին 9 ամիսներին 2.7 միլիարդ դրամով ավելի քիչ հարկ են վճարել պետբյուջե, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ընթացքում։ Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում «Օլիգարխիկ հրաշալիք» հոդվածում գրում է տնտեսական լրագրող Հայկ Գևորգյանը, ով ուսումնասիրել է Ֆինանսների նախարարության հրապարակած առաջին 1000 հարկատուների ցանկը։
Անցյալ տարի վերոնշյալ 3 ընկերությունները վճարել էին 19.7 միլիարդ դրամ, իսկ այս տարի մոտ 17 միլիարդ դրամ։
«Դասական տնտեսագիտական կանոններով՝ եթե տնտեսվարողի հարկերը նվազել են , ապա նա կամ դրան համարժեք ավելի քիչ եկամուտներ է ստացել, կամ էլ այդքանով մեծացրել է ստվերը։ Արդյո՞ք կարող էին նվազել նրա եկամուտները։ Այս տնտեսվարողը «մասնագիտացած է» առաջին անհրաժեշտության սննդամթերքի ներկրման և արտադրության վրա։ Դե, բոլորը գիտեն՝ շաքարավազ, ձեթ, կարագ, պանիր, միս և այլն, և այսպես շարունակ, ընդ որում, որոշ պարենամթերքների ներկրման ոլորտում ունի բացարձակ մենաշնորհ։ Ըստ ՄԱԿ֊ի Պարենամթերքի համաշխարհային կազմակերպության (FAO) պաշտոնական տվյալների, այս տարվա ընթացքում աշխարհում պարենամթերքը թանկացել է ավելի քան 4 տոկոսով։ Հաշվի առնելով դրամի արժեզրկումը՝ կարող ենք արձանագրել, որ պարենամթերքը Հայաստանում դոլարով արտահայտված՝ հարաբերականորեն թանկացել է մոտ 10 տոկոսով։ Իսկ այդ 10 տոկոսը հենց այդ լրացուցիչ գումարն է, որ ստացել են պարենամթերք ներկրողները։ Այլ կերպ ասած, պարենամթերքի ամենախոշոր և տեղ-տեղ բացարձակ մենաշնորհ ունեցող ներկրողների եկամուտները աճել են 10 տոկոսով», ֊ նշում է Գևորգյանը։
Նա հավելում է, որ Ալեքսանյանի հետ կապվող ընկերությունների հարկերը 14 տոկոսով նվազեցնելը տնտեսագիտության տեսանկյունից հրաշք է։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում