Home / Հայաստան / Հայաստանի քաղաքացին ահազանգում է․ գաղութի պետը Ուկրաինայում փորձել է խեղդել իրեն

Հայաստանի քաղաքացին ահազանգում է․ գաղութի պետը Ուկրաինայում փորձել է խեղդել իրեն

Երեք մարդու սպանության մեղադրանքով Ուկրաինայում 2013 թվականին ցմահ ազատազրկման դատապարտված Հայաստանի քաղաքացի Մերաբի Սուսլովը (Ալոյան) իր փաստաբանին ահազանգել է, որ Բերդիչևյան գաղութի պետն ու նրա տեղակալը փորձել են սպանել իրեն։ Կալանավորը համոզված է, որ բանտի ղեկավարությունը սպանության փորձը կատարել է գործով տուժողների պատվերով։

Փաստաբան Վիկտոր Կոլբանցևին ուղղած նամակում Սուսլովը պատմել է, որ հոկտեմբերի 5֊ին, ժամը 16։30֊ի սահմաններում իրեն տարել են բուժկետ, որտեղ սեղանի մոտ նստած է եղել կալանավայրի պետ Ալեքսանդր Դորոբոլյուկը․

«Նա ինձ հրավիրեց նստել աթոռին։ Այդ պահին ներս մտավ գաղութի պետի տեղակալ, մեր բաժնի նախկին պետ Գոնչարուկ Ա․ Ն․֊ն ու սկսեց հետևից ձեռնաշղթաներ հագցնել։ Գաղութի պետին հարցրեցի՝ ինչու են ձեռնաշղթաներ հագցնում ինձ, քանի որ արդեն մի տարի է՝ նման բան չէին արել։ Դորոբոլյուկը պատասխանեց, որ ես զգացմունքային եմ, իսկ ինքը պատրաստվում էր ինձ մի հայտարարություն ցույց տալ, որը կարող էր ինձ անհանգստացնել։ Հետո ծնկներիս ինչ֊որ թուղթ դրեց։

Երբ գլուխս խոնարհեցի, հանկարծակի հետևից հարված զգացի գլխիս։ Արթնացա բազմոցին ու գիտակցելով, որ ինձ բարձով խեղդում էին, սկսեցի դիմադրել, շուռումուռ տալ գլուխս։ Գոնչարուկը սեղմում էր դեմքս, իսկ Դորոբոլյուկն ամբողջ մարմնով, կիսապառկած պահում էր ոտքերս։ Զգացի, որ ուշագնաց եմ լինում, ոտքերով հենվեցի բազմոցին, թեքեցի դեմքս պատուհանի ուղղությամբ ու բղավեցի «օգնեցե՜ք»։

Դորոբոլյուկն ասաց՝ «արագացրու, կլսեն», Գոնչարուկը սկսեց էլ ավելի ուժեղ սեղմել՝ փորձելով ձեռքով փակել բերանս։ Ամբողջ ուժով կծեցի նրա մատը, ճնշումը թուլացավ, ու ես կրկին թեքեցի գլուխս ու հասցրեցի երկու անգամ կանչել «օգնեցե՜ք»։ Դորոբոլյուկն ասաց՝ «կլսեն, արագացրու, ի՞նչ ես անում»։ Սկսեցի էլ ավելի ուժեղ դիմադրել, թեքվեցի երեսիս վրա ու ճակատով հենվեցի բազմոցին։ Հարվածում էին գլխիս ու կողքերիս։ Երեք անգամ բարձրաձայն օգնության կանչեցի ու լսեցի, որ կալանավորներն սկսեցին հարվածել դռներին ու բղավել «ի՞նչ է պատահել»։

Դորոբոլյուկն ասաց՝ «լավ, վերջ, արդեն աղմուկ ա» ու դուրս եկավ սենյակից։ Գոնչարուկը կրկին սկսեց հարվածել գլխիս ու վզիս։ Հետո վերադարձավ Դորոբոլյուկը, մոտեցավ ու ինչ֊որ բան ասաց Գոնչարուկի ականջին։ Միայն կարողացա լսել՝ «վերջ, չի ստացվի»։ Գոնչարուկը շարունակում էր ծեծել ինձ, ես ասում էի՝ «ինչպե՞ս կարող եք», «ի՞նչի» համար»։ Դորոբոլյուկը Գոնչարուկին ասաց, որ նա հեռանա, ու, ինձ դիմելով, ավելացրեց՝ «ո՞նց ենք սենց ապրելու»։ Այնուհետև ինձ տարան խուց»։

bSuslov1

Սուսլովի խոսքով՝ գաղութի ղեկավարությունն իրեն սպանելու պատճառներ չուներ․ «Դա կարող էր միայն ինձ անհիմն մեղադրած քրգործում որպես տուժողներ անցնողների պատվերը լինել»։

Ցմահ ազատազրկվածի փաստաբաններն արդեն շուրջ երկու տարի է՝ ապարդյուն փորձում են Սուսլովին Բերդիչևյան գաղութից մեկ այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխել։ Կիևում մամուլի ասուլիսի ժամանակ փաստաբան Վիկտոր Կոլբանցևը հայտարարել է․ «Տպավորություն է, թե նրան փորձում են սպանել այն բանի համար, որ նա դիմակազերծել է հանցագործներին։ Խոսքս Օդեսայի ոստիկանության նախկին պետ պարոն Մակուխայի մասին է։ Նախքան սպանության փորձը, Մերաբին Ուկրաինայի Անվտանգության ծառայություն հաղորդում էր ներկայացրել այդ մարդու վերաբերյալ ու նրան մեղադրել իր գործը կեղծելու մեջ»։

Հայաստանի քաղաքացիներ Դավիթ Բատիկյանն ու Մերաբի Սուսլովը դատապարտվել են ցմահ ազատազրկման՝ 2009 թվականի հոկտեմբերի 2-ին «4Room» առևտրի կենտրոնի համասեփականատեր Շաբաբ Ալոյանի ու նրա անվտանգությունն ապահովող ոստիկանության երկու աշխատակիցների սպանության մեղադրանքով։ Հետաքննության տվյալներով՝ հանցագործության պատվիրատուն եղել է Մերաբի Սուսլովը, ով որոշել է սպանել Շաբաբ Ալոյանին՝ վերջինիս՝ 4Room-ի բաժնետոմսերին տիրանալու նպատակով, իսկ սպանությունն իրականացրել է Դավիթ Բատիկյանը։ Մարդասպաններից մյուսը՝ Արա Հովհաննիսյանը, մահացել է ոստիկանության աշխատակցի հետ փոխհրաձգության ժամանակ։ 2012 թվականի նոյեմբերի 2-ին Կիևի Սվյատոշինսկի շրջանային դատարանը հանցագործներին դատապարտել էր ցմահ ազատազրկման, իսկ 2013 թվականի ապրիլի 22-ին Կիևի Վերաքննիչ դատարանը վճիռն ուժի մեջ է թողել։