Home / Տեսանյութեր / Դատարանը չհավատաց կնոջ պնդմանը, թե ոստիկանները նվաստացրել են իրեն

Դատարանը չհավատաց կնոջ պնդմանը, թե ոստիկանները նվաստացրել են իրեն

Հոկտեմբերի 28-ին Վերաքննիչ դատարանը մերժել է Վանաձորի բնակիչ Անի Բոշյանի բողոքը, որով երիտասարդ կինը պահանջում էր վերացնել ոստիկանների դեմ հարուցված քրեական գործի կարճման որոշումը։ Բոշյանը պնդում է, որ Վանաձորի ոստիկանության Տարոնի բաժնում իրեն ստիպել են ինքնախոստովանական ցուցմունք գրել, ինչպես նաև նվաստացրել։ Բոշյանին մեղադրում էին համացանցում պոռնկագրական բնույթի նկարներ տարածելու մեջ։

Դեպքի մասին Բոշյանը հաղորդում էր տվել 2014 թվականի նոյեմբերին։ Նա պատմել էր, որ ոստիկաններն իրեն առանց հիմքի բերման են ենթարկել, բաժնում ստիպել են հանել հագուստը՝ պատճառաբանելով, թե ուզում են տեսնել՝ արդյոք ունի դաջվածքներ, սպառնացել են, որ բանտում կհայտնվի և չի դիմանա առանց ծնողների, հարցաքննել են մինչև գիշերվա 03.00֊ն, հորդորել են խոստովանել հանցագործությունը՝ խոստանալով՝ «200.000 դրամ տուգանքով կպրծնես»։ Հաղորդման հիման վրա ՀՔԾ֊ում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով։

Անի Բոշյանը հարցաքննությունից մի քանի օր անց ինքնասպանության փորձ է կատարել՝ խմելով մեծ քանակությամբ քնաբեր դեղահաբեր, սակայն ինքնասպանության հասցնելու հոդվածով գործ չէր հարուցվել։ Վանաձորի Տարոնի բաժնի ոստիկանները հարցաքննվել են որպես վկաներ, և Հատուկ քննչական ծառայության քննիչ Ն․ Բարսեղյանը՝ համարելով, որ հանցակազմ ու մեղավորներ չկան, կարճել էր պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով հարուցված քրեական գործը։

Բոշյանը պահանջել է չեղյալ համարել կարճելու որոշումն առաջին ատյանի դատարանում, սակայն դատարանը քննիչի օգտին է վճիռ կայացրել։

Այժմ Անի Բոշյանի ներկայացուցիչ, իրավապաշտան Արթուր Սաքունցը Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու է Վճռաբեկ դատարանում։