Թուրքիայի իշխանությունները եթերից հանել են ընդդիմադիր Bugün TV և Kanal Kanaltürk հեռուստաալիքները, ինչպես նաև Kanaltürk ռադիոկայանը։ Լրատվության այս միջոցները պատկանում էին «Koza Ipek Holding» ընկերությանը, որի գրասենյակը երեկ բռնազավթել էին ոստիկանական ուժերը։
Թուրքիայի իշխանությունները հեռացրել էին հոլդինգի ղեկավարներին՝ ժամանակավոր կառավարիչներ նշանակելով։ Ինչպես նշում են թուրքական ընդդիմադիր ԶԼՄ֊ները, այդ կառավարիչները իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մոտ կանգնած մարդիկ են։
Կառավարիչները թույլ չեն տվել նաև Bugün և Millet թերթերի տպագրությունը։
Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, հասարակական կազմակերպությունները, անկախ նախաձեռնությունները նշում են, որ իշխանության նման գործողությունները փորձ է լռեցնել Թուրքիայում անկախ մամուլը նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ «Koza Ipek Holding»֊ի կազմի մեջ մտնող մամուլի միջոցները իրենց եթերաժամի և թերթրի տարածքի մեծ մասը տրամադրում էին ընդդիմադիր կուսակցություններին։ Ընդդիմադիր գործիչները նշում են, որ ԶԼՄ֊ները կարող էին մեծ դեր խաղալ նաև հետընտրական գործընթացներում, ինչը վախեցնում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Հոլդինգի բռնազավթման պաշտոնական պատճառը Թուրքիայի ֆինանսների նախարարության հրապարակած փաստաթուղթն է «Koza Ipek»֊ում ֆինանսական խնդիրների վերաբերյալ։ Ֆինանսների նախարարությունը խնդրել է նոր կառավարիչներ նշանակել՝ պատճառաբանելով, որ երբ հոլդինգը գտնվի կառավարության վերահսկողության ներքո, ավելի հեշտ կլինի ֆինանսական փաստաթղթերի ստուգումներ անցկացնել։ Անկախ աուդիտորական ընկերությունները, սակայն, նշում են, որ փաստաթղթերթի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հոլդինգը բացարձակ թափանցիկ է աշխատել և ֆինանսական չարաշահումներ թույլ չի տվել։
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է անկախ մամուլի դեմ իրականացված նման գործողությունները՝ այն որակելով որպես հարված արտահայտման ազատությանը։
Լուսանկարում՝ լույս չտեսած Bugun օրաթերթի շապիկը