Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP) պատրաստ է բացել Հայաստանի հետ սահմանը։ Այս մասին նշված է կուսակցության՝ նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագրում, Today's Zaman պարբերականում գրում է Հասան Քանբոլաթը։
Ընդդիմադիր քրդամետ HDP-ն պատրաստակամություն է հայտնում տնտեսական, քաղաքական և դիվանագիտական կապեր ստեղծել Հայաստանի Հանրապետության հետ։ Կուսակցությունը պատրաստ է գործընթաց նախաձեռնել, որն ուղղված կլինի Հայաստանի և հայերի հետ հարաբերությունների բարելավմանը։ Նշենք, որ Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները սերտորեն համագործակցում են HDP֊ի հետ, իսկ այս տարվա հունիսի 7-ին կայացած ընտրություններին կուսակցությունից խորհրդարան էր անցել հայազգի Գարո Փայլանը, ով կարևոր դեր է զբաղեցնում HDP֊ի համակարգում։ Կուսակցության հետ համագործակցում է նաև Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ակտիվ աշխատող «Նոր զարթոնք» հասարակական կազմակերպությունը։
Քրդամետ ուժն արտաքին քաղաքականության կարևոր խնդիրներից է համարում նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակից ելքեր փնտրելը, մասնավորապես, Սիրիայում քրդական հարցի լուծումը։ HDP֊ն նաև պաշտպանում է Պաղեստինի դիրքորոշումը՝ պաղեստինա֊իսրայելական հակամարտությունում քննադատելով Իսրայելի քաղաքականությունը։
Նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանի հետ հարաբերությունների մասին իր նախընտրական ծրագրում նշել է նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը։ Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած քաղաքական ուժը նշում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումն իր օրակարգում է։ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ներկայիս ծրագրում «Իսլամական պետություն» խմբավորումը ներառել է ահաբեկչական կառույցների շարքում, թեև հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ «ԻՊ»֊ն այդ ցանկում չկար։ Կուսակցությունը նշում է, որ շարունակելու է սերտորեն համագործակցել ՆԱՏՕ֊ի և ԵՄ֊ի հետ՝ վերջինիս անդամ դառնալու մտադրությամբ։
Ընդդիմադիր Ժողովրդա֊հանրապետական կուսակցությունը (CHP) նույնպես համարում է, որ Թուրքիան պետք է շարունակի սերտ հարաբերությունները ԵՄ֊ի հետ։ Միևնույն ժամանակ CHP֊ին կարևորում է իշխող կուսակցության կառավարման տարիների ընթացքում հարևան երկրների հետ վատթարացած հարաբերությունների բարելավումը։ Ընդդիմադիր ուժը միակն է խոշոր կուսակցությունների շարքում, որը Թուրքիա գաղթած սիրիացիներին դիտարկում է որպես փախստականներ և առաջարկում է նրանց ինտեգրման համար հնարավորություն ստեղծել։
«Ազգայնական շարժում» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում արտաքին քաղաքականությանն ընդամենը 9 էջ է տրամադրել։ Հիմնական շեշտերը դրվել են Սիրիայում, Իրաքում և Քրդական բանվորական կուսակցության շուրջ ստեղծված իրավիճակի վրա։ Ազգայնականները նշում են, որ Թուրքիան պիտի ԵՄ֊ի մաս դառնա, սակայն ՆԱՏՕ֊ի և ԱՄՆ֊ի հետ հարաբերությունները պետք է կառուցվեն փոխշահավետության սկզբունքի վրա։
Նշենք, որ հունիսի 7-ին կայացած ընտրություններում խորհրդարան էին անցել վերոնշյալ 4 ուժերը, սակայն ոչ մեկը ձայների մեծամասնությունը չէր ստացել։ Ընդդիմադիր ուժերը համաձայնության չէին եկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ կոալիցիա կազմելու հարցում և երկրի նախագահն արտահերթ ընտրություններ է նշանակել։