Home / Տեսանյութեր / Մամուլն ատելություն է քարոզում․ կազմակերպությունը սպասում է իրավապահների պատասխանին

Մամուլն ատելություն է քարոզում․ կազմակերպությունը սպասում է իրավապահների պատասխանին

Հոկտեմբերին 17-18-ին Լոռու մարզում «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (ՓԻՆՔ) հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված «Ծիածան» ֆորումի մասնակիցները սպառնալիքներ են ստացել, որի կապակցությամբ պաշտոնական բողոքով դիմել են ՀՀ գլխավոր դատախազին։ Ֆորումը նվիրված էր Հայաստանի ԼԳԲՏ համայնքի անդամների՝ մարդու հիմնական իրավունքների պաշտպանության մեթոդներին։

ՓԻՆՔ֊ից Epress.am-ին հայտնեցին, որ բողոքը ուղարկվել է հոկտեմբերի 23-ին, պաշտոնական արձագանք կազմակերպությունը դեռ չունի։ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղղված նամակում, մասնավորապես, նշվել է, որ հոկտեմբերի 20-ին «blog.1in.am», «168.am», «orer.am», «blognews.am» կայքերում, ինչպես նաև ֆեյսբուքյան այլ էջերում և խմբերում հրապարակվել են «Գեյերի ու լեսբիների շարժում՝ Հայաստանում. հայ հայտնիներից ո՞վ է միացել նրանց» վերնագրով հոդվածներ՝ տեղադրվել են ֆոտոնկարներ, որոնց քննարկման մասում զետեղվել են տարբեր հայհոյանքներ և սպառնալիքներ ֆորումի մասնակիցների նկատմամբ, մասնավորապես, «Անասունների սուրույ ա, սրանց պիտի պետական մակարդակով բնաջնջել», «Վառել բոլորին անխտիր», «Կոնկրետ ես կսատկացնեմ» և այլն։

Նամակում կազմակերպությունը հիշեցնում է, որ հոդվածներում ակնհայտորեն առկա են թշնամանք, անձանց նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու և հասարակության մեջ ատելության սերմանելու կոչեր: ՓԻՆՔ֊ը հիշեցնում է՝ հունիսի 1-ին նմանատիպ նամակ է ուղարկվել ՀՀ դատախազություն՝ նույն կայքերում զետեղված ատելության կոչերի և հայհոյանքների կանխման և Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա միջոցառումներին մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար։ Սակայն հունիսի 12-ին ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից կազմակերպությունը պատասխան է ստացել, որ ոստիկանության նախապատրաստված նյութերով չեն հայտնաբերվել հանցանքի և զանցանքի հատկանիշներ:

«Մենք գտնում ենք, որ Դատախազության և ոստիկանության կողմից այս երևույթների նկատմամբ ոչ պատշաճ արձագանքը ստեղծում է անպատժելիության մթնոլորտ և չի կանխարգելվում հետագայում ատելության կոչերի տարածումը հասարակության կոնկրետ այս խմբի՝ ԼԳԲՏ անձանց և նրանց համախոհների հանդեպ։ Մեր կազմակերպությունը այդ սպառնալիքները դադարեցնելու որևէ լծակ չունի և իրավասու չէ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում ենք քննության առնել սույն դիմումը և տալ դրան համապատասխան ընթացք», ֊ ասված է ՓԻՆՔ֊ի նամակում:

Նշենք, որ դատախազությանն ուղղված բողոքի փաստին հոկտեմբերի 28-ին «Գեյերը թղթախեղդ են արել դատախազությանը. Հայկական ժամանակ» հոդվածում անդրադարձել է henaran.am կայքը, մասնավորապես, նշելով․ «Պարզվում է, որ համասեռամոլական հանրույթն այդ բոլոր բացասական կարծիքները մանրակրկտորեն փաստաթղթավորել է և հսկայածավալ բողոք ուղարկել Գլխավոր դատախազություն։ Ինչպես կատակով նշեց ղատախազության մի աշխատակից՝ «Մեր հավաքարարը մեղք է, վաղուց էղքան մակուլատուրա չենք ստացել»»։

«Հայկական ժամանակ» օրաթերթում և թերթի կայքում, սակայն, նման բովանդակությամբ և վերանգրով հոդված չի հրապարակվել։

Epress.am֊ի հետ զրույցում ՓԻՆՔ֊ի տնորեն Մամիկոն Հովսեփյանը նշել է, որ մի շարք տեղական և միջազգային կազմակերպություններ, ինչպես նաև Հայաստանում գործող դիվանագիտական առաքելություններ կիսում են իրենց մտահոգությունը։

Երեկ ՓԻՆՔ֊ի գրասենյակ է այցելած ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը նշել է, որ ԱՄՆ դեսպանատունը խորապես մտահոգված է այդ սպառնալիքներով և հնարավորինս խիստ դատապարտում է նմանատիպ բռնության կոչերը:

Ինչպես նշված է դեսպանության մամուլի գրասենյակի տարածած հայտարարության մեջ, ԱՄՆ դեսպանատունն ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք կհետազոտեն այդ սպառնալիքները և կպաշտպանեն խմբի անդամների, ԼԳԲՏ համայնքի բոլոր անդամների և Հայաստանի փոքրամասնական համայնքների իրավունքները:

«Բավական երկար ժամանակ է, որ ես Հայաստանում եմ, և ես խոսել եմ բավականաչափ շատ հայերի հետ ողջ Հայաստանի տարածքում և հասկացել եմ, որ բռնությունն ու ատելությունը Հայաստանի հասարակության և արժեհամակարգի մաս չեն կազմում: Ես կոչ եմ անում հայերին զերծ մնալ այդ բռնության կոչերից: Նրանք, ովքեր պաշտպանում են նման ուժեղ ատելությունը մարդկանց հանդեպ միայն նրա համար, որ նրանք իրենցից տարբեր են, չեն կարող այն հայկական արժեքների կրողը լինել, որոնց ականատեսը ես եղել եմ», – ասել է դեսպան Միլզը: