Հայաստանում վերջին չորս տարիներին բնակչությունը կենտրոնացվում է։ Այս մասին ասված է Համայնքների ֆինանսիստների միավորման կողմից Հայաստանում տեղական ինքնակառավարման վերաբերյալ կատարած ուսումնասիրության մեջ։ Եթե 2010 թվականին Հայաստանի բնակչության 32 տոկոսն էր ապրում մայրաքաղաք Երևանում, ապա 2014 թվականին՝ բնակչության ավելի քան 35 տոկոսը։
Ինչպես նշում են զեկույցի հեղինակները, երկրում ապակենտրոնացման աստիճանը բնութագրվում է տեղական բյուջեների ծախսերի և եկամուտների մեծությամբ, իսկ Հայաստանում բոլոր համայնքների եկամուտ/ծախսերի մեջ 60 տոկոսը Երևանին է բաժին ընկնում։ Եթե եվրոպական երկրներում, 2011 թվականի տվյալներով, տեղական ինքնակառավարման բյուջեները միջին հանրային ծախսերում կազմել են 34 տոկոս, ՀՆԱ֊ում՝ 16.7 տոկոս, ապա Հայաստանում այդ թիվը շուրջ 6.8 անգամ փոքր է․ տեղական բյուջեների ծախսերը կազմել են հանրային ծախսերի 8.5 տոկոսը, իսկ ՀՆԱ֊ում՝ 2.34 տոկոսը։
Բյուջետային փաստացի ծախսը մեկ շնչի հաշվով 2008 թվականի 19000 դրամից 2012 թվականին դարձել է 19500 դրամ՝ ավելանալով ընդամենը 500 դրամով, սակայն քանի որ Հայաստանում տարեցտարի զգալի գնաճ է գրանցվում և դոլարն արժևորվում է, գյուղական ու փոքր քաղաքային համայնքների բնակչության կենսամակարդակը վատացել է։
«Համայնքների ֆինանսական անկախությունը շարունակում է մնալ ցածր մակարդակի վրա, իսկ սեփականությունը՝ անբավարար և հնացած։ Հարկատեսակներից և պարտադիր վճարներից համայքներին մասնահատումներ չեն կատարվել։ Համայնքների ղեկավարների 70.8 տոկոսը իշխող ՀՀԿ կուսակցությունից է։ Առաջընթաց չկա ավագանիների ինքնուրույնության առումով։ Տեղական հանրաքվեի ինստիտուտը շարունակում է չգործել։ Գենդերային հարցում ևս փոփոխություն չկա․ ընտրովի պաշտոններում կանանց ներկայացվածությունը շատ ցածր է»,֊ ահազանգում են զեկույցի հեղինակները։