Home / Տեսանյութեր / Վարդգես Գասպարին բոյկոտում է իր գործով դատական նիստերը

Վարդգես Գասպարին բոյկոտում է իր գործով դատական նիստերը

Ինժեներ, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսուհետ բոյկոտելու է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատաքննությունը, որի շրջանակներում նա մեղադրվում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցույց տալու մեջ։ Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է Գասպարին, այսօր առավոտյան դատական դահլիճը լքելուց առաջ ինքը հայտարարել է, որ չի վստահում դատարանին և որևէ արդարադատության սպասելիք չունի։ Չվստահելու պատճառներից մեկն այն է, որ գործով դատավոր Նելլի Բաղդասարյանը, շուրջ 6 ամիս չքննելով Գասպարիի միջնորդությունը, ի վերջո հայտարարել է, որ չի քննի այն՝ մինչև «էական հանգամանքներ» ի հայտ չգան։

Միջնորդությամբ Գասպարին պնդում էր, որ գործի վերաբերյալ դատական նիստի ժամանակ ոստիկանության աշխատակից Սոնա Մելիքյանը ստել է, ինչը առիթ է, որպեսզի դատարանը դիմի դատախազություն՝ սուտ ցուցմունք տալու համար քրեական գործ հարուցելու նպատակով։

«Իմ՝ դատական նիստերի դահլիճը լքելուց հետո, իմ պաշտպաններ Տիգրան Եգորյանը և Դավիթ Գյուրջյանը ևս հայտարարել են, որ հեռանում են։ Դատավոր Նելլի Բաղդասարյանն ասել է նրանց՝ դուք այդ դեպքում հեռացվում եք»,- պատմել է Գասպարին։

Համաձայն մեղադրանքի՝ Գասպարին վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ Ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի և Սոնա Մելիքյանի հասցեին հնչեցրել է հետևյալ արտահայտությունները․ «Դուք հանցագործ սրիկաներ եք, մարդասպաններ, թափթփուկներ, լակոտներ, դուք սպանեցիք իմ եղբորը, բավական ա մարդասպաններին՝ ընդհուպ մինչև Վովա Գասպարյանին, թաքցնեք Ձեր փեշի տակ, վեց տարի ա ինչ եք անում, թափթփուկներ, հանցագործներ», ապա դատական նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին հնչեցրել է հետևյալ վիրավորական արտահայտությունները․ «Ձեր նման անարժանապատիվ և անինքնասեր դատավորներ են, որ այսօր իրավիճակը հասցրել են այստեղ, միայն այն, որ Եվրոպական դատարաններում Ձեր վճիռների 46-ից 47-ը ճանաչվել են անվավեր, դա պետք է Ձեզ մի քիչ հուզեր, բայց քանի որ դուք անարժան եք և անինքնասեր, որ Ձեր գործակալական գործողությունն եք կատարում», «Դուք ստոր և անարժանապատիվ դատավորներ եք, որպես գործակալներ այս հանցագործ իշխանությանը պահում եք իրենց գործի վրա»։