6 տարվա ազատազրկման դատապարտված պահեստազորի գնդապետ, քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանը դադարեցրել է հացադուլը։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը։ Նրա խոսքով՝ Ավետիսյանի հետ միասին հացադուլը դադարեցրել է նաև դատապարտյալ Փայլակ Խանամիրյանը։
Հացադուլ սկսելու որոշումը Ավետիսյանը կայացրել էր նրանից հետո, երբ Վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովը մերժել էր նրա՝ վաղաժամկետ ազատ արձակելու մասին դիմումը։ Ավետիսյանը բողոքում է ոչ միայն իր, այլ նաև այլ կալանավորների վաղաժամկետ ազատման դիմումները մերժելու դեմ։
Ավելի վաղ հոկտեմբերի 30-ից հացադուլի մեջ գտնվող Ավետիսյանին էր դիմել «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը՝ կոչ անելով նրան դադարեցնել հացադուլը:
Ավետիսյանը մեղավոր էր ճանաչվել խարդախության և խարդախության փորձի մեջ։ Դատարանն ապացուցված էր համարել, որ գնդապետը 2000 դոլար է վերցրել Հենրիխ Զաքարյանից՝ նրա թոռանը ծառայությունից ազատելու համար, և 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդու զորամասը փոխելու համար։ Ավետիսյանը դատավարության ողջ ընթացքում չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, ավելին՝ նա բազմիցս ասել է, որ ամբաստանյալի աթոռին հայտնվելը քաղաքական հետապնդման հետևանք է, քանի որ ինքը եղել է ազատամարտիկների բողոքի ակցիաների կազմակերպիչներից մեկը։ Դատական նիստերից մեկի ընթացքում Ավետիսյանն ասել էր, որ ազամարտիկների սոցիալական վիճակը բարելավելու պահանջով ակցիաների մեկնարկից հետո իրեն զգուշացրել էին, որ «գլխին կսարքեն»։ Ավետիսյանի հարցը Ազգային ժողովում բարձրացրել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Հարց ուղղելով Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ Փաշինյանը, մասնավորապես, հիշեցրել է, որ 2013-ի մայիսից ազատամարտիկներն իրենց իրավունքների համար պայքար են սկսել, և Վոլոդյա Ավետիսյանը խնդիրները բարձրաձայնել է Օհանյանի հետ հանդիպման ժամանակ, որից հետո նրան ձերբակալել են խարդախության մեղադրանքով։ Հետագայում ԱԺ-ն համաներում է հայտարարել, սակայն Ավետիսյանի հոդվածին ևս մի դրվագ է ավելացվել և նա համաներմամբ չի ազատվել, ինչը, ըստ Փաշինյանի, հիմք է տալիս կարծել, թե ազատամարտիկի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Օհանյանն իր պատասխանում ասել է, որ ինքը Վոլոդյա Ավետիսյանի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություններ է ձեռք բերել առ այն, որ ինքը ճշտումներ կկատարի «հանրապետության ղեկավարության մոտ», բայց Ավետիսյանը խախտել է պայմանավորվածությունը՝ չսպասելով իր ճշտումներին և շարունակելով բողոքի ակցիաները։
«Արդյունքում նրանք նորից շարունակել են իրենց գործընթացը։ Ինչևէ, որևէ քաղաքական հետապնդում Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ չկա», – հայտարարել էր Օհանյանը։