Հայաստանում գոյություն ունեցող կոռուպցիայի համար երկիրը հատուցում է իրական կորուստներով: Այս մասին այսօր Հայ-ամերիկյան առևտրաարդյունաբերական պալատի առաջ հնչեցրած իր ելույթում ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
«Այս մասին ես լսում եմ հնարավոր ամերիկյան ներդրողներից և շարքային քաղաքացիներից, երբ ես շրջագայում եմ երկրով: Երբ բիզնեսի ոլորտում մրցակցությունն արդարացի չէ և չի հիմնվում օբյեկտիվ կոմերցիոն չափանիշների վրա, երբ կան հզոր շահեր, որոնք անհամաչափ տնտեսական և քաղաքական հետևանքների են հանգեցնում, ապա դա սահմանափակում է տնտեսական աճը: Այդ պարագայում տուժում է ողջ տնտեսությունը, տուժում է ողջ երկիրը: Օտարերկրյա բիզնեսը քվեարկում է իր ներդրումների միջոցով. եթե նրանք նկատում են, որ երկիրը կոռուպցիան կեղեքում է երկիրը, ապա նրանք կամ ընդհանրապես հրաժարվում են ներդրում կատարելուց, կամ կարող են հետ վերցնել իրենց ներդրումները: Հայաստանի քաղաքացիների շրջանում կոռուպցիայի բեռը կրում են առավել խոցելիները, փոքր բիզնեսի սեփականատերերը, ովքեր ջանում են գործ սկսել և պահպանել այն», – ասել է դեսպանը:
Նա ընդգծել է, որ կոռուպցիոն դրսևորումներ ամեն տեղ էլ լինում են, այդ թվում՝ ԱՄՆ-ում, սակայն առանցքայինը ցանկացած երկրի համար այն է, թե կա արդյոք կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամք, ունեն արդյոք լրատվամիջոցներն ու քաղաքացիական հասարակությունը կոռուպցիայի դեմ արտահայտվելու հնարավորություն և կան արդյոք հուսալի դատական գործընթացներ՝ քննելու ու դատական կարգով հետապնդում իրականացնելու բացահայտված գործերով:
Միլսն ասել է, որ Միացյալ Նահանգները կշարունակեն աշխատել հայաստանյան ցանկացած պետական ու հասարակական կառույցի հետ, որտեղ կա կոռուպցիայի դեմ պայքարի պատրաստակամություն:
«Դեսպանության կողմից կլինեն դրամաշնորհներ հակակոռուպցիոն աշխատանքներում ներգրավված ու կոռուպցիայի դեմ պայքարում ու թափանցիկության մեծացման հարցերում առաջընթաց արձանագրող պետական կառույցների հետ համագործակցող ՀԿ-ներին: Մեր աշխատանքը նաև կներառի աջակցություն Հակակոռուպցիոն խորհրդին: Ուզում եմ շեշտել, որ մեր աջակցությունը Խորհրդին իրականացվում է այն պայմանով, որ վերջինս չափելի ձեռքբերումներ պետք է գրանցի: Եթե այդպիսի արդյունքներ չգրանցվեն, ապա մեր աջակցությունը կդադարեցվի, ամեն ինչ շատ պարզ է ու հստակ: Մենք նաև խրախուսում ենք ՀԿ-ների մասնակցությունը Հակակոռուպցիոն խորհրդի աշխատանքներին, քանզի մենք դա դիտարկում ենք որպես կառավարության հետ ուղղակիորեն կառուցողական երկխոսության մեջ մտնելու հնարավորություն քաղաքացիական հասարակության համար:
Երկրորդ, ԱՄՆ դեսպանությունը կշարունակի օգնել քաղաքացիական հասարակությանը՝ ուշադրությունը դեպի կոռուպցիան բևեռելու ու կոռուպցիայի դեմ պայքարելու հարցում», – մասնավորաբար, նշել է Ռիչարդ Միլսը: