Այս տարի Հայաստանին Ռուսաստանի Դաշնության տրամադրած 200 միլիոն դոլարի արտոնյալ վարկի շրջանակներում ձեռք բերած ռազմական ժամանակակից տեխնիկան ճանապարհ է ընկել և շուտով կհասնի Հայաստան, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
«Սույն տեխնիկան, սակայն, Հայաստան կհասնի բավական բարդ ճանապարհով։ Այն ՌԴ֊ից հասցվելու է Ղազախստան, որտեղից էլ Իրան, Իրանի կողմից էլ կմտնի Հայաստան։ Բանն այն է, որ ռուս֊վրացական հակամարտությունից հետո Վրաստանի իշխանությունները թույլ չեն տալիս, որ իրենց տարածքով ռուսական զենք մտնի մեր երկիր։ Արդյունքում, այդ ծանր տեխնիկան մեր հասցնելու համար ընտրվել է շատ ավելի երկար ճանապարհ։ Իշխանական շրջանակներում տեղեկություններ կան, որ Վրաստանում կատարած իր վերջին այցի ընթացքում Սերժ Սարգսյանը շոշափել է նաև այս հարցը, որովհետև բացի այս 200 միլիոնի ռազմական տեխնիկայից, որը, ըստ մամուլի հրապարակումների, հիմնականում «Իսկանդեր» զենիթահրթիռային համակարգ է, ՀՀ֊ն այլ տեխնիկա էլ է ձեռք բերել («Սմերչ»), որը չի կարողանում կարճ ճանապարհով երկիր մտցնել», ֊ նշում է թերթը։