Home / Հայաստան / Ստեփանակերտի օդանավակայանը կարող է օգնել Ռուսաստանին Սիրիայում ԻՊ֊ի դեմ պայքարում․ Սահակյան

Ստեփանակերտի օդանավակայանը կարող է օգնել Ռուսաստանին Սիրիայում ԻՊ֊ի դեմ պայքարում․ Սահակյան

Ստեփանակերտի օդանավակայանը կարող է օգտագործվել Սիրիայում Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի կողմից իրականացվող հակաահաբեկչական գործողությունների համար։ Այս մասին Ռուսաստանում Արցախի օրերին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, հայտնում է «Ռեգնում» գործակալությունը:

«Արցախը պատրաստ է մասնակցել միջազգային ահաբեկչության դեմ պայքարին»,- ասել է Սահակյանը՝ հղում անելով Լեռնային Ղարաբաղի ազգային-ազատագրական պայքարի պատմությանը։

Նրա խոսքով՝ երբ Ստեփանակերտի օդանավակայանը շահագործման հանձնվի, Լեռնային Ղարաբաղը պատրաստ կլինի Ռուսաստանի հետ քննարկել տվյալ ենթակառուցվածքն օգտագործելու շուրջ համագործակցության հարցը:

«Օդանավակայանի պատրաստումը պայմանավորված է բացառապես հումանիտար նպատակներով»,- ասել է Սահակյանը՝ հավելելով, որ Ստեփանակերտի օդանավակայանն իր գործառույթներով չի զիջելու միջազգային օդանավակայաններին, այդ թվում՝ «Շերեմետևոյին» կամ «Զվարթնոցին»։