Հայաստանի կառավարությունը վերջին երկու շաբաթվա ընթացքում մոտ 600 միլիոն դոլարի վարկ է վերցրել։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Վարկային վերջին երկու համաձայնագրերը կառավարությունը հաստատել է երեկվա նիստում։ Դրանց համաձայն, Հայաստանը կստանա ևս 128.5 միլիոն դոլարի վարկ․ 40 միլիոնը կտրամադրվի Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմանդրամի միջոցներից, իսկ երկրորդ վարկը՝ 88.5 միլիոն դոլար ծավալով, տրամադրելու է Ասիական զարգացման բանկը: 40 միլիոնանոց վարկը ուղղվելու է ոռոգման համակարգերի արդիականացմանը, իսկ 88.5 միլիոնը՝ հիմնականում դպրոցների սեյսմակայունության բարձրացմանը:
Ուղիղ մեկ շաբաթ առաջ՝ նոյեմբերի 5-ին կառավարությունը հավանության էր արժանացրել Եվրասիական տնտեսական ընկերակցության հիմնադրամից 300 միլիոն դոլարի վարկ տրամադրելու համաձայանգրին, իսկ դրանից ևս մեկ շաբաթ առաջ Ասիական զարգացման բանկից 153 միլիոն դոլարի վարկ վերցնելու որոշում էր կայացվել: Իսկ նախօրեին էլ Արժույթի միջազգային հիմնադրամը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Հայաստանը ԱՄՀ-ից կսանա 16.3 միլիոն դոլարի վարկ:
«Ստացվում է ընդամենը 14 օրվա ընթացքում կառավարությունը 597.8 միլիոն դոլարի նոր արտաքին պարտք է վերցրել», ֊ գրում է թերթը: