Անկախ Հայաստանի պատմության անցած 25 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին կարող է հակառակվել ՀՀ իշխանությունների կամքին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«Այս աննախադեպ իրավիճակի պատճառը սահմանադրական փոփոխություններն են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայ առաքելական եկեղեցու ճեմարանի սաներին տեղեկացրել են, որ եկեղեցին սահմանադրական փոփոխություններին դեմ է: Ճեմարանի սաներին թույլատրվել է եկեղեցու տեսակետի մասին տեղյակ պահել նաեւ իրենց ընտանիքների անդամներին և հարազատներին», ֊ նշում է թերթը:
Եկեղեցու նման վերաբերմունքի պատճառը «Ժողովուրդը» բացատրում է նրանով, որ ՀՀ գործող Սահմանադրության 8.1. հոդվածը սահմանում է. «ՀՀ-ում եկեղեցին անջատ է պետությունից: ՀՀ ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: ՀՀ-ում երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով գործող բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը», մինչդեռ նոր Սահմանադրության նախագծով կրոնական կազմակերպությունները փաստացի հավասարեցվում են Հայ առաքելական եկեղեցուն:
Նախագծի 17-րդ հոդվածում գրված է. «1. ՀՀ-ում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը: 2. Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից»:
«Ուստի բնական է, որ եկեղեցին այս փաստաթղթին դեմ է», ֊ եզրափակում է թերթը։
Նշենք, որ նոր Սահմանադրության մեջ Առաքելական եկեղեցուն առանձին հոդված է հատկացված՝ 18-րդը, որում նշված է․ «1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: 2. 2. Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով »։