Մեկ շաբաթ առաջ ուկրաինական «Գորդոնին հյուրընկալվելիս» հեռուստահաղորդման Youtube֊ի ալիքում տեղադրվել է հատված Կիևի «Դինամոյի» և ԽՍՀՄ ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Վիկտոր Սերեբրյաննիկովի հետ հարցազրույցից, որում խոսվում է ադրբեջանական «Նեֆթչի» ակումբի հետ հանդիպումից առաջ իրենց տրված 80 հազար ռուբլի կաշառքի մասին։ Հարցազրույցը նկարահանվել է 2014 թվականին․ նույն տարում նախկին մարզիկը մահացել է։
Սերեբրյաննիկովն ասում է, որ «Դինամոյի» խաղացողներին գումարը բերել են «Նևթչիի» ու հավաքականի հարձակվողներ Էդուարդ Մարկարովն ու Անատոլի Բանիշևսկին։ Տվյալ հանդիպումը տեղի է ունեցել 1966 թվականին, երբ «Նևթչին» ԽՍՀՄ առաջնությունում գրանցեց իր լավագույն արդյունքը՝ զբաղեցնելով երրորդ տեղը։ 1973-ին Մարկարովը չեմպիոն դարձավ Երևանի «Արարատի» կազմում, իսկ 1992֊94 թվականներին նախկին ֆուտբոլիստը մարզում էր Հայաստանի հավաքականը։
««Նևթչիի» հետ խաղից առաջ, երբ բազայում էինք, ինձ ասացին, որ եկել են ինչ֊որ տղաներ ու ինձ են հարցնում։ Դուրս եկա ու տեսա՝ Բանիշևսկին ու Մարկարովն էին․ նստեցինք մեքենան։ Նրանց երրորդ տեղն էր պետք, ու ինձ են տալիս փողով լի ծրար՝ «Վիտյա, վերցրո՛ւ»։ Ասում եմ՝ պիտի տղաների հետ քննարկեմ։ Վերցրեցի ծրարը, իսկ դրա մեջ մոտ 80 հազար ռուբլի է։ Դա խելահեղ գումար էր։ Եկա, հավաքեցի հիմնական կազմը, սեղանի մեջտեղում դրեցի ծրարն ու ասացի՝ «Մեզ միավորներ պետք չեն, մենք արդեն չեմպիոն ենք։ Հա՞, թե՞ չէ»։ Բոլորը լուռ են։ Աչքերից տեսնում եմ՝ ուզում են, բայց վախենում են։ Վերցնում եմ ծրարն ու ասում՝ «Լավ, ուրեմն գնամ՝ հետ տամ, կխաղանք»։ Նրանք այնպիսի ուժով խլեցին ծրարը, քիչ էր մնում՝ պատռեին»,֊ պատմում է Սերեբրյաննիկովը։