ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվել է պետական բյուջեից ռուսաստանյան «Ինչ, որտեղ, երբ» հեռուստանախագծի մեկ տարվա արտոնագիր գնելու համար 17 միլիոն դրամ հատկացնել:
Գումարը տրվելու է Կրթության և գիտության նախարարությանը` «հասարակության շրջանում գիտելիքների մակարդակի բարձրացմանը խթանող միջոցառումների իրականացման նպատակով» «Փի-Արտ» ՍՊԸ֊ին տրամադրելու համար: Կառավարությունը նախորդ տարիներին ևս գումար էր տրամադրում այդ նախագծի արտոնագիրը գնելու համար։
«Ինչ, որտեղ, երբ» հեռուստահաղորդումը ցուցադրվում է «Արմենիա» հեռուստաընկերությամբ։ Հեռուստախաղը չնչին բացառությամբ անցկացվում է ռուսերեն լեզվով։ «Ինչ, որտեղ, երբ»֊ին մասնակցել են նաև պետական պաշտոնյաներ և քաղաքական գործիչներ, մասնավորապես, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ԱԺ պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանը, Գուրգեն Արսենյանը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, Արծվիկ Մինասյանը։