Տաքսու անհատ վարորդներն այսօր Բրազիլիայի հրապարակում` Հրազդան տոնավաճառի հարևանությամբ, բողոքի ակցիա էին կազմակերպել, որի շարունակությունը պետք է լիներ կառավարության և ՀՀ նախագահի նստավայրի մոտ, սակայն վարորդներն ընթացքում մտափոխվեցին` պատճառաբանելով, որ գնում են ոստիկանություն, հայտնում է Aravot.am֊ը։
Ակցիան համակարգող Տիգրան Հովհաննիսյանը, որը «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահն է, կայքի հետ զրույցում ասել է, որ ոստիկանությունից վարորդներին հրավիրել են հարցը քննարկելու: Վարորդները, սակայն, գտնում են, որ լիցենզավորման հարցը, որի վերաբերյալ է իրենց դժգոհությունը, ընդհանրապես կապ չունի ոստիկանության հետ և որ տրանսպորտի և կապի նախարարության խնդիրն է:
Վարորդների խոսքերով՝ ոստիկանությունը պարզապես փորձում է ժամանակ շահել «մինչեւ որ «այո»-ն ու «ոչ»-ը վերջանա»:
«47 տարի է՝ տաքսի եմ վարում, այսպիսի բան չեմ տեսել, որտեղ իջեցնում եմ ուղևորին՝ տուգանք է գալիս: Ես Կենտկոմի քարտուղարի եմ ման տվել, ղեկավարների վարորդ եմ եղել, իրենցից էլ լավ գիտեմ այդ նշանները: Տաքսու համար կայանատեղիներ չեն տրամադրում, եղածներն էլ անհարմար են, հաշմանդամություն ունեցող մարդ եմ իջեցնում, հո չեմ քշելու կայանատեղիում իջեցնեմ, որ կես կանգառ ոտքով հետ դառնա»,- ասել է տաքսու վարորդ Գեղամ Բաբայանը: Նրա խոսքով՝ դաշտում անհավասար պայմաններ են ստեղծված. մեկն ամեն ամիս ստիպված է վճարել 12 հազար դրամ, մյուսը` «երբ ուզում «զնակը» դնում, տաքսի է աշխատում, հենց ուղևորին վերցնում է, տաքսու նշանը հանում է»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում