Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից ռուսաստանյան Սու֊24 ինքնաթիռի ոչնչացումից հետո Ռուսաստանի ու Թուրքիայի միջև բռնկված հակամարտությունը շարունակում է թափ հավաքել․ երկու երկրների առաջնորդներն արդեն հասցրել են փոխադարձ մեղադրանքներ ներկայացնել։ Այս մասին ուրբաթ՝ նոյեմբերի 27֊ին, գրում է մոսկովյան «Կոմերսանտ» թերթը։
«Հայտարարելով, որ Անկարան մտադիր չէ ներողություն խնդրել Մոսկվայից, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ՌԴ իշխանություններին Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու մտադրության համար։ Ընդ որում, Թուրքիայի ղեկավարությունը հասկացրել է, որ անպատասխան չի թողնի ոչ այդ քայլը, ոչ էլ Մոսկվայում հնչող կոչերը պատասխանատվության ենթարկել Օսմանյան կայսրությունում 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանության ժխտումը։ Երեկ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն փաստորեն Ռուսաստանի ու նրա դաշնակից Հայաստանի դեմ պայքարի նոր ճակատ բացեց․ նա խոստացավ «անել ամեն հնարավորը բռնազավթված ադրբեջանական տարածքներն ազատագրելու համար»։ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուն հինգշաբթի ժամանել է Բաքու, որտեղ այսօր հանդիպում է ունենալու երկրի ղեկավարության հետ»,֊ գրում է թերթը։
Լրատվականը նշում է, որ հանդիպման «հնչերանգը» հաղորդել է Թուրքիայի կառավարության ղեկավար Դավութօղլուի վերոհիշյալ հայտարարությունն Անկարայի՝ ղարաբաղյան հիմնախնդրին միջամտելու մտադրության մասին։ «Հաշվի առնելով Երևանի ու Անկարայի միջև բարդ հարաբերությունները՝ Մոսկվայում դժվար թե կարողանան պատկերացնել Թուրքիայի անկողմնակալությունն այս ծայրահեղ զգայուն հարցում»։
France 24֊ի հետ զրույցում նախագահ Էրդողանը հայտարարել է, որ ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո ինքը փորձել է կապվել Պուտինի հետ, սակայն Կրեմլը մերժել է․ «Եթե կա կողմ, որը պետք է ներողություն խնդրի, ապա դա մենք չենք։ Ներողություն պետք է խնդրեն նրանք, ովքեր խախտել են մեր օդային տարածքը»։
Ավելի վաղ ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների առջև՝ Դավութօղլուն հայտարարել էր, որ ինքն անձամբ է տվել ինքնաթիռը ոչնչացնելու հրամանը։
Միևնույն ժամանակ, թերթը հավելում է, Թուրքիան հավակնում է պահպանել Մոսկվայի ռազմավարական գործընկերոջ կարգավիճակը։ «Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, ու մենք Ռուսաստանին թիրախավորելու որևէ պատճառ չունենք»,֊ հավաստիացրել է Էրդողանը։ «Սիրիայի շուրջ մեր տարաձայնություններն այլ հարց է, սպառնալիքներին արձագանքման կանոնները՝ այլ։ Մենք ցավով ենք հետևում ռուսաստանյան կողմից եկող՝ թեմայի հետ որևէ առնչություն չունեցող հայտարարություններին ու արձագանքներին»,֊ ասել է նա՝ մեկնաբանելով ՌԴ վարչապետի հայտարարությունը Թուրքիայի դեմ տնտեսական պատճամիջոցներ մտցնելու մասին։ Նման քայլերը, ըստ թուրք առաջնորդի, «վայել չեն քաղաքական գործիչներին»։