Նոյեմբերի 28-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատրյանը, լինելով պետական սահմանի պահպանության սահմանապահ վերակարգի կազմի մեջ, ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել զորամասի բուժկետ, նոյեմբերի 30-ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։
Ըստ պաշտոնական աղբյուրի՝ Խաչատրյանը ստացել է գլխի գագաթային շրջանի հրազենային վերք, և բուժկետում գրանցվել է նրա բիոլոգիական մահը: Քննիչների նախնական տվյալներով՝ զինծառայողը հրազենային վնասվածքը ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից։ Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել է հրազենային վնասվածք, ինչպես նաև՝ քերծվածքներ սրունքների վրա։
Համաձայն քննչական կոմիտեի, մինչ վնասվածքը ստանալը զինծառայողը հեռախոսազրույց է ունեցել։
«Մշակվել են աշխատանքային մի շարք վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ, նշանակվել փորձաքննություններ։ Դեպքի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություն քննության այս փուլում հրապարակման ենթակա չէ», ֊ ասված է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։