Պետական մարմինները դեռևս չեն ցանկանում արձագանքել քաղաքացիների դիմումներին և հանել նրանց անուններն ընտրական ցուցակներից։ Նման մոտեցման դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողով և ոստիկանություն դիմած քաղաքացիները դեկտեմբերի 6-ին կայանալիք նոր Սահմանդրության նախագծի հանրաքվեի օրը պատրաստվում են գնալ ընտրատարածքներ և ջնջել իրենց անունները ցուցակներից։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է Աննա Շահնազարյանը, ով մեկն է այն քաղաքացիներից, որոնք պահանջում են հանել իրենց անուններն ընտրական ցուցակներից՝ այդպիսով բոյկոտելով ընթացող պրոցեսները։
Շահնազարյանը կարծիք է հայտնել, որ չի կարելի մասնակցել որևէ ընտարական գործընթացի, քանի դեռ Հայաստանում չկա սահմանադրական կարգ և հետևաբար չեն կարող լինել Սահմանադրությունից բխող գործընթացներ, օրինակ, ընտրություններ։
Նա նշել է, որ քաղաքացիներին ներքաշում են ձևական գործընթացների մեջ, այդ իսկ պատճառով իրենք դիմում են քաղաքացիական անհնազանդության այդ ձևին, որը բանախոսը քաղաքական բոյկոտ է անվանել։ Նրա խոսքով՝ գործընթացին արդեն իսկ միանում են մարդիկ՝ իրենց անունը ցուցակներից հանելու պահանջով նամակներ ուղարկելով ԿԸՀ և ոստիկանություն։ Այնուամենայնիվ, Շահնազարյանն ընդգծել է, որ իրենք կոնկրետ արդյունք գալիք հանրաքվեի ընթացքում չեն ակնկալում և ուզում են, որ նախաձեռնած գործընթացը շարունակական բնույթ կրի։
«Միանշանակ սա երկարաժամկետ գործընթաց է, և պետք է դուրս գա սոցիալական ցանցերից։ Գործընթացն ուղղված է քաղաքացու՝ որպես սուվերենի գիտակցության բարձրացմանը։ Քաղաքական ուժերը Հայաստանում ամբիոնային կամ էլիտիստական մոտեցում ունեն։ Ասում են՝ մենք կգանք, ձեր փոխարեն, ձեզ համար ինչ֊որ լավ֊լավ բաներ կանենք, բայց չեն գիտակցում, որ իրենք չպիտի քաղաքացուն ասեն, թե քաղաքացին ինչ պիտի անի. քաղաքացին իրեն պիտի ասի՝ ինչ է [քաղաքական ուժին] պատվիրակում, հանձնարարում, պատվիրում, որպեսզի նա անի», ֊ ասել է Շահնազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․